Վրաստանի Զբոսաշրջության ազգային ծառայության տվյալներով՝ 2022 թվականի մարտին Վրաստանում գրանցվել է շուրջ 159,2 հազար զբոսաշրջային այցելություն, ինչը գրեթե 108%-ով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի տվյալներից։
Համաձայն վիճակագրության՝ վերականգնվել է զբոսաշրջային այցելությունների նախքան համավարակը եղած մակարդակի 48,5%-ը, այսինքն՝ 2019 թվականի մարտի մակարդակի գրեթե կեսը։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի մարտին Վրաստանում գրանցվել է շուրջ 211 500 այցելություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճելով 266,3%-ով։ Անցած մեկ ամսվա ընթացքում միջազգային այցելությունների թիվը կազմում է նախքան համաճարակը եղած մակարդակի 34,1%-ը։
Նշենք, որ 2021 թվականին Վրաստան է կատարվել շուրջ 1 մլն 600 հազար այցելություն, իսկ զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 1,2 միլիարդ դոլար։
Հատկանշական է նաև, որ նախքան համաճարակը զբոսաշրջությունը համալրում էր Վրաստանի տնտեսության մոտ 10%-ը։ 2019 թվականին Վրաստանում զբոսաշրջությունը ռեկորդներ է գրանցել՝ Վրաստան էր այցելել ավելի քան 9 մլն 300 հազար զբոսաշրջիկ, բերելով՝ 3,3 միլիարդ դոլար եկամուտ: Սակայն, այս ոլորտում եկամուտները նվազել են 2020 թվականին և կազմել 427,7 միլիոն դոլար, իսկ երկիր է այցելել 1 մլն 700 հազար զբոսաշրջիկ: