Ախալքալաքում հազվադեպ կարելի է հանդիպել զբոսաշրջիկների, ովքեր կանգ են առնում Ջավախքի հետաքրքիր վայրերը տեսնելու, նրանք հիմնականում այստեղ են լինում Վարձիայից Ծալկա տանող ճանապարհով անցնելիս։ Ինչո՞ւ զբոսաշրջիկի մոտ Ախալքալաքում մեկ օրից ավելի մնալու ցանկություն չկա, փորձել է պարզել Jnews-ը:

Հայտնի «հանքային» Բորժոմի քաղաքի բազմաթիվ հյուրանոցներից մեկի հսկայական սրահը լի է զբոսաշրջիկներով, հիմնականում Կենտրոնական Ասիայից և Իսրայելից, զբոսաշրջիկները եկել են ընտանիքներով, տարեց ծնողներով։ Հսկայական ռեստորանում օրվա ընթացքում երեք անգամ ճաշի ժամանակ դժվար է դատարկ նստատեղ գտնել։ Գրեթե միշտ այսպես է զբոսաշրջային սեզոնի ժամանակ: Վրաստանի ամեն մի անկյունում զբոսաշրջիկները կարող են ինչ-որ բան գտնել իրենց գրպանին ու հետաքրքրություններին համապատասխան։ Սամցխե-Ջավախեթիում, Բորժոմիից բացի, զբոսաշրջային վայրեր են՝ Բակուրիանին, Աբասթումանին, Ախալցխան, Վարձիան: Այս բոլոր վայրերը Վրաստանի հայտնի զբոսաշրջային ուղղություններից են: Ի տարբերություն տարածաշրջանի թվարկված քաղաքների, Ջավախքն առանձնապես հայտնի չէ զբոսաշրջիկների համար՝ որպես մի վայր, որտեղ կարելի է մի քանի օր մնալ։ Զբոսաշրջությամբ զբաղվող մարդկանց կարծիքով՝ սա մի քանի պատճառ ունի:

Дизайн без названия - 1

Վաղարշակ Շահբեկյանն աշխատում է ՀԿ-ում, բայց անցյալ տարվանից սկսել է աշխատել նաև զբոսաշրջության ոլորտում։ Նա կազմակերպում է 90 հեծանվորդի անցումը Ջավախքով։ Չնայած Մեծ Բրիտանիայից ժամանած հեծանվորդները Ախալքալաքում են կմնան ընդամենը մի քանի ժամ, սակայն այդ մի քանի ժամերը կազմակերպելու համար մեծ ջանքեր են պահանջվում։ Գտնել նորմալ հյուրանոցներ, որոնք Ախալքալաքում քիչ են, ռեստորան։ Սպասարկման, ծառայությունների և ենթակառուցվածքների բացակայությունը շարունակում է մնալ Ջավախքի զբոսաշրջության հանրաճանաչության հիմնական խնդիրը։ Բայց, ըստ Վաղարշակի, կան նաև այլ խնդիրներ:

«Խնդիրներ կան, որ հյուրանոցները հաճախ դժվարանում են անգլերենով հաշիվ-ապրանքագիր տրամադրել: Օտարերկրացիները վրացերեն չեն հասկանում հաշիվ-ապրանքագրերը: Հյուրանոցների մեծ մասը չունի անգլերեն ճաշացանկ: Այսինքն՝ հիմնական խնդիրը սպասարկման ոլորտն է և ֆինանսական փաստաթղթավորումը։ Նրանք պետք է զարգանան և իմանան, թե ինչպես է հարկավոր շփվել զբոսաշրջիկի հետ, հասկանան, թե ինչ են նախընտրում տարբեր երկրների զբոսաշրջիկները, որպեսզի գրավիչ և ճիշտ մատուցեն ծառայությունները։ Մի քանի տարի առաջ որոշ վերապատրաստումներ են անցկացվել, բայց դա բավարար չէ, նրանց ոչ ոք չի օգնում այս հարցում»,- ասում է նա։

Дизайн без названия - 1

Վաղարշակ Շահբեկյանի խոսքով՝ վրացական տուրիստական ​​ընկերություններն իրենք շահագրգռված չեն, որ զբոսաշրջիկները մնան Ջավախքում։

«Դա իրենց համար լավ չէ, քանի որ հիմնականում կապված են իրենց ռեստորանների և հյուրանոցների հետ, ամենից հաճախ զբոսաշրջիկները մնում են այնտեղ, օրն անցկացնում այստեղ։ Նրանք, ամենայն հավանականությամբ, այստեղ հեռանկար և ներուժ չեն տեսնում, դրա համար այդպես են անում»,- ասում է նա։

Վրաստանի էկոտուրիզմի ասոցիացիայի համահիմնադիր Նատալյա Բախտաձե Ինգլանդերի խոսքով, Ջավախքը նույնպես զբոսաշրջային ուղղություն է, սակայն խնդիրները շատ են։

«Ախալքալաքը զբոսաշրջային ​​ուղղություն է, պարզապես այստեղ սպասարկում չկա: Սա է խնդիրը։ Դուք այդտեղ գրավիչ այլ արժեքներ ունեք՝ դա մշակույթ է, բազմազանություն: Այդտեղ եկող զբոսաշրջիկը կարիք ունի այնպիսի ծառայության, որը կարող է լինել տնական: Եվ, իհարկե, ոչ ոք չի ուզում գնալ ռեստորան։ Այն տուրիստական ​​ծառայությունները, որոնք հիմա Ախալքալաքում կան, գրավչության արժեքները բոլորովին այլ են, այսինքն՝ գալիս են զբոսաշրջիկներ, ովքեր այլ բաների կարիք ունեն։ Դրա համար նրանք այստեղ չեն մնում»,- ասում է նա։

Дизайн без названия - 1

Նատալյա Բախտաձեն կարծում է, որ Ախալքալաքը, Նինոծմինդան և Ծալկան ընկալվում են որպես մեկ ուղղություն, մեկ երթուղի։ Նրա խոսքով, Բորժոմիի մունիցիպալիտետի Տաբածղուրի գյուղում իրականացվող ծրագիրը հնարավորություն է տվել զարգացնել որոշ ծառայություններ։ Նման ծրագրերը հանգեցնում են զարգացման, որն իր հերթին բերում է նաև գյուղական վայրերում այլ ծրագրերի ֆինանսավորմանը:

«Ամենակարևորն ապրանքներ պատրաստելն է, որոնք հիմնված են տնային հյուրընկալության արժեքների վրա, և դա աշխատում է: Նման օրինակներ կան Ախալքալաքի մունիցիպալիտետում՝ Վոլոդյայի քոթեջներ կոչվող վայրում, կա Ճանճքարի, նման ծառայություն կա նաև Խիզաբավրայում, Գոգաշենում: Այս ծառայությունը կամաց-կամաց աճում է: Գլխավորը տեղացիների հետաքրքրությունն է։ Ջավախքում կատարեցինք Birdwatching նախագիծ, անցկացրինք թրեյնինգ, և այնտեղ ունեինք շատ տեղացիներ, ովքեր ցանկանում էին մասնակցել: Զբոսաշրջությունն ավելի շատ բիզնես է, պետությունը նույնիսկ շատ բան չի անում այլ վայրերի համար։ Այսինքն՝ գրավչության վայրը ստեղծում են մարդիկ՝ որպես բիզնես»,- ասում է Նատալյա Բախտաձեն։

ninooba6

Տարածաշրջանի առաջնահերթությունը, որը կապող օղակ է երեք երկրների (Հայաստան, Թուրքիա և Վրաստան) միջև, ակնհայտ է, ակնհայտ է նաև, որ այս տարածաշրջանում կարող ես մնալ մեկ օրից ավելի։ Թե ինչ է անում դրա համար Վրաստանը, և, մասնավորապես, քաղաքապետարանն ու մարզային իշխանությունները, Jnews-ը կպատմի հաջորդ հոդվածում: