Ախալքալաքում բավականին արագ տարածում է գտնում սեզոնային գրիպը: Բժիշկ Ալեքսան Թորոյանը բնակիչներին հորդորում է պատվաստվել, որպեսզի խուսափեն գրիպի տարածումից և վարակի բարդություններից։

Պատվաստանյութերն արդեն Ախալքալաքի հիվանդանոցում են, և պատվաստումներն սկսված են, առաջին հերթին պատվաստվում է բուժանձնակազմը։

«Գրիպի վարակը սեզոնային է, հիմա մեր մոտ դիմողների քանակը շատացել է։ Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ ում առաջարկում ենք նախնական պատվաստում՝ խուսափում է, ձեր միջոցով էլ ուզում եմ խնդրել, որպեսզի հանրությունը իրազերկ լինի: 60 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները կարող են մեզ դիմել պատվաստվելու համար, ռիսկային խմբի հիվանդները, շաքարային դիաբետ, շաքարախտ ունեցող հիվանդները, դիալիզ ունեցող հիվանդների համար շատ պարտադիր է, քանի որ հիվանդանալու դեպքում նրանք բարդություններով են տանելու, որը ցանկալի չէ»,- ասում է բժիշկ Թորոյանը։

Վերջինս հավելում է՝ մեր շրջանի առանձնահակությունից ելնելով, հիվանդությունները նույնպես սեզոնային են։ Այս ժամանակահատվածում հիվանդների մեծ մասը զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով:

«Դիմում են միայն ծանր դեպքերի ժամանակ, ունենք նաև այնպիսի դեպքեր, երբ հիվանդը լուրջ բարդություններով է ներկայացել, իհարկե, ստացել է համապատասխան բուժում և ցուցումներ։ Մեր շրջանում միտում կա, որ հիվանդությունը պետք է հասնի գագաթնակետին, որ նոր դիմեն բժշկի։ Սա շատ կարևոր հարց է, ոչ միայն գրիպն է տարածված, այլ շատ լուրջ և բարդ վիրուսային հիվանդություններ, որոնց հետ մենք առաջին անգամ ենք շփվում, և նույնիսկ դժվարանում ենք ասել, թե ինչ վիրուսների հետ գործ ունենք», – ասում է նա:

Ալեքսան Թորոյանը նույնպես պատրաստվում է առաջիկայում պատվաստվել գրիպի դիմաց:

«Գրիպի դեպքում պատվաստումը շատ էֆեկտիվ է, մոտ 90-95 տոկոս պաշտպանվածություն, իմունիտետ է առաջացնում։ Ես արդեն չորս տարի է պատվաստվում եմ, ես ինքս ընկալելի եմ գրիպի վիրուսի նկատմամբ, բայց այս վերջին երեք չորս տարիներին, պատվաստումից հետո, բացարձակ չեմ հիվանդացել, սա իմ անձնական օրինակն է», – ասում է նա:

Գրիպի դիմ պատվաստումը անվճար է, կատարվում է Ախալքալաքի հոսպիտալում ամեն աշխատանքային օր՝ առավոտից մինչև երեկոյան 16։30-ն։

Գրիպի պատվաստումը կատարվում է տարին մեկ անգամ, հոկտեմբեր-նոյեմբերի ամիսներին, դրանից հետո անիմաստ է, քանի որ գիրպի վիրուսը տարածվելուց հետո արդյունք չի տալիս։ Կարող են պատվաստվել 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները:

Այսօրվա դրությամբ՝ գրիպի դեմ պատվաստվելու նպատակով Ախալքալաքի հիվանդանոց է դիմել ընդամենը երկու քաղաքացի:

Ալեքսան Թորոյանը նշում է՝ չնայած կորոնավարակը նահանջել է, սակայն դեպքեր դեռ գրանցվում են:

«Ունենք դրական դեպքեր, դիմողների քանակը շատ քիչ է, բայց դա չի նշանակում, որ մեր մոտ վարակը չկա։ Ինչպես տեսնում ենք սանիտարահիգենիկ բոլոր նորմերը պաշտպանելու ցանկություն չունենք: Հանրության մեջ արդեն տպավորություն է առաջացել, որ կորոնավիրուսն արդեն գոյություն չունի: Բայց ցավով պետք է նշեմ, որ մեր մայրաքաղաքում նույնիսկ մահացու դեպքեր կան»:

Բժիշկն ընդգծում է՝ կորոնավիրուսին մոռանալ չի կարելի, կորոնավիրուսի հետ մենք պետք է համակերպվենք, բայց ոչ արհամարենք։ Հանրությունը պետք է հստակ գիտակցի և իմանա, որ պարտադիր է պահպանել բոլոր կանոները, որոնք պահպանում էինք մեկ-երկու տարի առաջ: