Ախալքալաքի բոլոր երեք մունիցիպալ նախադպրոցական հաստատությունները փակ են վերանորոգման համար, ինչն առաջացրել է քաղաքի և որոշ գյուղերի նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների դժգոհությունը։ Jnews-ը փորձեց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետից պարզել, թե ինչու է բոլոր մանկապարտեզները միանգամից փակելու որոշում կայացվել։
Ախալքալաքի թիվ 1, 2, 3 մանկապարտեզները 2024 թվականի ամռանը միաժամանակ փակվեցին վերանորոգման նպատակով։ Աշխատող ծնողների երեխաները՝ մոտ 100 սան (571-ից) այս մանկապարտեզներից տեղափոխվում են գյուղական տարբեր նախադպրոցական հաստատություններ։ Երեխաների տեղափոխումն իրականացվում է տեղական բյուջեի հաշվին, նրանք կտեղափոխվեն մինչև թիվ 1, 2, 3 մանկապարտեզների վերաբացումը, կամ եթե ուրիշ, այլընտրանքային հնարավորություն լինի։
Այն, որ քաղաքի մանկապարտեզները միաժամանակ են փակվել, դժգոհություն է առաջացրել ծնողների և երեխաների շրջանում, ովքեր զրկվել են նախադպրոցական հաստատություն հաճախելու հնարավորությունից, ինչպես նաև գյուղերի մանկապարտեզներ տեղափոխվողների և գյուղական մանկապարտեզներ հաճախող երեխաների, քանի որ նրանք չափազանց ծանրաբեռնված վիճակում են հայտնվել։
Ժենյա Խեչոյանն ասում է, որ նրա դուստրը 3 տարեկան է, այս տարի ցանկացել է նրան մանկապարտեզ ուղարկել: Ժենյան չի աշխատում, բայց կարծում է, որ դուստրը պետք է նախադպրոցական կրթություն ստանա։
«Այս տարի գրանցեցի և հույս ունեի, որ նա կգնա մանկապարտեզ, բայց նրան ոչ մի տեղ չընդունեցին։ Ինչու բոլորը միանգամից սկսեցին վերանորոգել, թող ամեն տարի մեկական շենք նորոգեին։ Եթե աղջիկս հիմա մանկապարտեզ չգնա, հետո դրա կարիքը չի լինի»,- ասում է Ժենյա Խեչոյանը:
Գայանե Ալեքսանյանն աշխատում է, նրա երեխան մոտ 3 տարեկան է։ Նա ևս կարծում է, որ բոլոր մանկապարտեզները միանգամից փակելը սխալ է:
«Երեխաս դեռ մանկապարտեզ չի հաճախում, երեխայիս հաստատ գյուղ չէի ուղարկի, միայն քաղաքում, եթե մի բան կազմակերպեն, ես երեխայիս ում վստահեմ, մենակ տրանսպորտով չեմ կարող ուղարկել»,- ասում է Գայանե Ալեքսանյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը նշում է, որ իրենք ենթադրում էին, որ որոշ ծնողների կողմից դժգոհություն կլինի, բայց դա մունիցիպալիտետի համար բացառիկ հնարավորություն էր։
«Քաղաքի երեք մանկապարտեզն էլ ընդգրկված են ծրագրում, յուրաքանչյուր մանկապարտեզի վրա ծախսվում է 3 միլիոն լարի, ֆինանսավորում է Մունիցիպալ զարգացման հիմնադրամը։ Երբ երեք մանկապարտեզները միաժամանակ փակվեցին, գիտակցում էինք, որ ինչ-որ չափով բողոքներ ենք ստանալու, բայց հասկացող մարդիկ էլ կան: Եթե ուզում ենք ունենալ եվրոպական չափանիշներին համապատասխանող ստանդարտ մանկապարտեզներ, ապա լավ կլինի, որ մանկապարտեզները փակվեն 3-4 ամսով, բայց հետո մանկապարտեզ հաճախող երեխաների համար լավ կլինի։ Եթե այդ պահին հրաժարվեինք, ապա վերականգնումը կմնար տեղական բյուջեի վրա, քանի որ 2027 թվականին բոլոր մանկապարտեզները պետք է լիազորագրվեն։ Մեր բախտը բերեց, որ քաղաքի երեք մանկապարտեզներն ընդգրկվեցին այս նախագծում։ Իսկ այն միջոցները, որոնք մենք պետք է ծախսեինք դրանց վրա, կծախսենք գյուղական մանկապարտեզների վրա, որպեսզի նրանք նույնպես համապատասխանեցնենք եվրոպական չափանիշներին»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Նրա խոսքով, գալիք՝ 2025 թվականի աշնանը, արձակուրդներից հետո, նոր ուսումնական տարում, երեխաները կգնան իրենց նորոգված կամ արդեն նոր մանկապարտեզներ։
Ախալքալաքի մունիցիպալիտետը մանկապարտեզների բոլոր 571 սաներին գյուղական մանկապարտեզներում տեղավորելու հնարավորություն չունի։ Մանկապարտեզների միավորումը քաղաքապետարանի հետ համատեղ որոշել է գյուղական մանկապարտեզներում տեղավորել միայն 2018-2019 թվականներին ծնված երեխաներին և միայն նրանց, ում ծնողներն աշխատում են կամ բազմազավակ ընտանիքից են։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանի խոսքով, իրենք ընդունել են միայն աշխատող ծնողների երեխաներին, քանի որ նրանք բոլոր երեխաներին տեղավորելու հնարավորություն չունեն։
«Խմբերում մենք հայտարարել էինք, որ աշխատող ծնողներից դիմումներ ենք ընդունում, ստացել էինք ընդամենը 42 դիմում, եթե ավելի շատ ստանայինք, մի բան կմտածեինք: Ընդունել ենք միայն 5-6 տարեկան երեխաներին, ովքեր հաջորդ տարի դպրոց են գնալու։ Գյուղական մանկապարտեզները նույնպես լիքն են»,- ասում է Անահիտ Ասատուրյանը։
Սկզբում Մանկապարտեզների միավորումը ստացել էր 28 դիմում, սակայն հետագայում փակ մանկապարտեզներից այլ մանկապարտեզներ հաճախող սաների թիվն ավելացել է հասնելով 42-ի։
Ախալքալաքի թիվ 1, 2, 3 մանկապարտեզները վերանորոգվում են Մունիցիպալ զարգացման հիմնադրամի միջոցներով։ Այդ աշխատանքների մրցույթները հայտարարվել էին դեռ անցյալ տարի, թիվ 1 և թիվ 2 նախադպրոցական հաստատությունների շենքերի վերանորոգման մրցույթը հայտարարվել էր 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, իսկ թիվ 3 մանկապարտեզի վերանորոգման մրցույթը՝ 2023թ.-ի նոյեմբերի 14-ին: