Անցած ամիս՝ մարտի 20-ի գիշերը, մի քանի ժամ անընդմեջ մոլեգնած ուժեղ քամին Ախալքալաքի գյուղերում քշել էր բազմաթիվ շենք-շինությունների տանիքներ: Ախալքալաքի քաղաքապետարանում անմիջապես ձևավորված հատուկ հանձնաժողովը արձանագրել և գնահատել է քամու պատճառած վնասը։ Մեկ քառակուռի մետրի համար 24 լարի փոխհատուցում կտրամադրվի։
Քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասում է, որ քննարկել են ստացած բոլոր դիմումները։ Փոխհատուցում կլինի, սակայն ոչ ամբողջությամբ։
«Վնասի հատուցման մասին աշխատանքներ դեռ տարվում են, մենք որոշած արժեք ունենք, մինչև 24 լարի ենք հատկացնում 1 քառակուսի մետրի համար: Հաշվի առնելով գնային տարբերությունը և այս տարվա թանկացումները: Անցած տարի եղել է 15-20 լարի։ Դեռ դիմումներ ենք ստանում, կան հարցեր, որոնք դեռ քննարկման մեջ են», – ասում է քաղաքապետը։
Դեռ կոնկրետ մարդկանց ֆինանսավորում չի հատկացվել, արձանագրությունները պատրաստվում են նախարարություն ուղարկելու համար։
«Հատուկ ֆոնդ կա CFI-ը, որը պետք է հատկացնի գումար, ինչ-որ մասով իրենք, իսկ մնացածը մեր պահուստային ֆոնդից ենք հատկացնելու։ Այսօրվա դրությամբ, մոտավոր վերանայվել է 100 դիմում: Մենք ձեռք ենք մեկնում մեր բնակչությանը, սակայն 100% ֆինանսավորում պատմության մեջ չկա, ոչ էլ օրենքն է մեզ թույլ տալիս», – հավելում է նա։
Ինչքան վնաս է պատճառել ուժգին քամին Ախալքալաքում
Գայանե Ակոջյան