Մարտի 20-ի գիշերը, Ախալքալաքում մի քանի ժամ անընդմեջ մոլեգնած ուժգին քամին ավերածություններ է արել, վնասել բազմաթիվ շենք-շինությունների տանիքներ: Ախալքալաքի քաղաքապետարանում հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը գնահատում է վնասի չափը, հետագայում փոխհատուցում տրամադրելու նպատակով: Այսօրվա դրությամբ, հանձնաժողովը ավելի քան 60 դիմում է ստացել, բայց սա վերջնական թիվ չէ, քաղաքապետարանը շարունակում է դիմուներ ստանալ:
Քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մջեդլիձեի խոսքերով, ամեն օր դիմումներ են ստանում:
«Այսօրվա տվյալներով, դիմումներ ստացել ենք 20 գյուղից, կա գյուղ որտեղ վնասվել է ութ շինություն, գյուղ էլ կա, որ մեկ շինություն է վնասվել, և այսպես շարունակ: Գյուղի բնակիչները շարունակում են դիմել մեզ և մեր հանձնաժողովի անդամները տեղում ստուգումներ են անցկացնում: Հիմա էլ պետք է ուղևորվենք այն գյուղեր, որտեղից նոր դիմումներ ենք ստացել»:
Հատուկ հանձնաժողովը գնահատման աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո կսկսի փոխհատուցման տրամադրումը: