Ախալքալաքի տոնավաճառով քայլելուց մարդիկ ստիպված են մինչև ջրափոսն անցնելը երկար մտածել, որոշ տեղերում ցեխը շրջանցելը նույնիսկ անհնարին է։

Ամեն տարի գարնանային ձնհալի ժամանակ Ախալքալաքի տոնավաճառում նույն անմխիթար վիճակն է, սառցաբեկորները հալվելով տոնավաճառի ամբողջ տարածքում ջրափոսեր են ստեղծում, ըստ այդմ՝ ցեխի ու ջրի միջով անցնելով առևտուր անելու անհարմարավետությունը ազդում է գնորդների հոսքին։

Մի քանի տարի է, ինչ Ախալքալաքի տոնավաճառում վաճառողները տարածքի համար չեն վճարում: Հենց սա է պատճառ հանդիսանում, որ նրանք տոնավաճառից չեն հեռանում: Ըստ վաճառողների՝ օրվա ընթացքում առանց այն էլ շատ քիչ ապրանք են վաճառում, ուրիշ տեղ գնալ ու տարածքի համար վճարելն այս պայմաններում ձեռնտու չէ:

yarmrka1

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը Jnews-ին հայտնեց, որ տոնավաճառի բարեկարգման հետ կապված ծրագրեր ունեն:

«Ոչ մեկիս էլ հաճելի չէ տոնավաճառի այսօրվա վիճակը, բարեկարգման ծրագրեր կան, բայց դեռ վերջնական չէ: Ապագայում տարածքը կուսումնասիրենք և վերջնական կվորոշենք, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել, սակայն բարեկարգման դեպքում տարածքի վարձակալումը հնարավոր է գումար արժենա», – ասաց Մելքոն Մակարյանը:

Վարդուհի Կուրղինյան