Այսօր Ախալքալաքում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի, ով Բաքվի պահանջով ձերբակալվել է Բելառուսի իշխանությունների կողմից և արտահանձնվել Ադրբեջանին:

Խաղաղ բողոքի ացկիան տեղի ունեցավ Ախալքալաքի կենտրոնական հրապարակում, Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ, այն տևեց 15 րոպե: Ակցիայի մոտ 20 մասնակիցներ պահանջում են ազատ արձակել բլոգերին: «Ազատություն Լապշինին» ցուցապաստառներով հավաքվածները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ի լուր աշխարհի:

«Մենք ուզում ենք, որ Լապշինին ազատեն: Այսօրվա մեր այս քայլով ուզում ենք պաշտպանել նրան»,- ասաց բողոքի ակցիայի մասնակից Արմեն Մաղրամյանը:

«Մենք, ուզում ենք, որ այդ մարդուն բաց թողնեն: Մեր նպատակն է, ինչպես աշխարհի մնացած հայերը, այնպես էլ մենք միասնական լինենք, և պաշտպանենք նրան»,- ասաց խաղաղ ակցիայի մասնակիցներից մեկը, սակայն չցանկացավ նշել անուն ազգանունը: Իսկ այն հարցին, թե ով է Ալեքսանդր Լապշինը, վերջինս չկարողացավ պատասխանել, ասելով՝ «չգիտեմ մարդ է, իրեն բռնել են»:

akcia Lapshin

Ակցիան նախաձեռնել և կազմակերպել էր Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը:

«Խորհուրդը մի շարք երիտասարդների կողմից բողոք էր ստացել, որ ամբողջ աշխարհում կազմակերպվում են զորակցության ակցիաներ, իսկ մեր մոտ ոչ: Այստեղ են հավաքվել մի խումբ մտահոգ անձիք, ովքեր որ Հայաստանի երկրորդ հանրապետության հետ կապ ունեն, ուզում են գնալ-գալ: Նարնք այսօր մտահոգված են՝ արդյո՞ք իրենք որ գնան Ղարաբաղ, իրենք էլ չեն ձերբակալվի: Ինչպես նաև հավաքվածները մտահոգված են խոսքի ազատության համար»,- նշեց Խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:

Հարկ է նշել, որ ի պաշտպանություն Լապշինի, խաղաղ ակցիան արտոնված էր Ախալքալաքի իշխանությունների կողմից:

lapshin akcia

Հիշեցնենք, որ ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը հանձնման նպատակով Բելառուսի Հանրապետությունում կալանավորվել և ավելի ուշ արտահանձնվել է Ադրբեջանին, քանի որ 2011թ. ապրիլին և 2012թ. հոկտեմբերին այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այցերի մասին գրառումներ կատարել իր բլոգում: Ադրբեջանական դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ տեղի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, այն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելը և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը:

Նշենք, որ Լապշինը բազմիցս է այցելել Լեռնային Ղարաբաղ, ինչի համար դեռ 2011-ին ընդգրկվել էր Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»:

Աղունիկ Այվազյան