Արմինե Ղազարյանն Ախալքալաքում երկու տարի առաջ ատելյե է բացել, սակայն այն գործում է սեզոնային՝ ձմռանը և ցուրտ շրջանում ատելյեն փակ է, բայց Արմինեն աշխատում է տանը։

Արմինե Ղազարյանը դրամաշնորհ է շահել ԵՄ ENPARD-2 ծրագրի շրջանակներում LAG (Տեղական զարգացման խումբ) նախագծերի մրցույթում։ Արմինեի ատելյեն գտնվում է քաղաքի կենտրոնում։ Դրամաշնորհի միջոցով նա վերանորոգել է տարածքը և կահավորել (սեղաններ, մեծ զգեստապահարան, կարի մեքենաներ) այն: Նախագծի գումարը 14913 լարի է, որից դրամաշնորհը կազմել է 9350 լարին, իսկ համաֆինանսավորումը` 5563 լարին։

Մեր այցելության օրը և, ընդհանրապես, ձմռան ամիսներին ատելյեն փակ է։ Արմինեն այդ ամիսներին տանից է աշխատում։

Արմինեի խոսքով, դրամաշնորհը շատ է օգնել իր բիզնեսի ստեղծման գործում, ինքը շատ գոհ է.

«Շատերը երազում են սեփական բիզնեսը ստեղծելու մասին։ Իմ նման կարի արհեստանոց քաղաքում չկա։ Կան դերձակներ, ովքեր աշխատում են իրենց տանը կամ խանութներում, բայց սա բոլորովին այլ է, քան երբ ունենում ես առանձին տարածք, կարի արտել: Սկզբում միայն շորերը ձևփոխելու համար էին բերում, հիմա բոլորը պատվիրում են կարել, անհատական հագուստ են ցանկանում, որ տարբերվեն մյուսներից»։

Կարի արհեստանոցում աշխատում է միայն Արմինե Ղազարյանը, նրան օգնում է հայրը, երբ նա գերզբաղված է լինում։ Ատելյեում պատվիրվում են զգեստներ, տաբատներ, վարագույրներ, համազգեստ դպրոցականների համար, մանկական հագուստ տարբեր միջոցառումների համար։

Տարեսկզբում կարի արտելում ծառայությունները թանկացան.

«Երբ տեսա, որ ամեն ինչ թանկանում է, ես էլ բարձրացրեցի իմ ծառայությունների գները։ Չէ որ ես այս գումարն օգտագործում եմ այլ խանութներից առևտուր անելու համար: Թելը 2,5 լարի արժեր, հիմա 4 լարիով եմ առնում»,- ասում է Արմինե Ղազարյանը։

ԵՄ դրամաշնորհը օգնեց Արմինեին իր անհատական բիզնեսը զարգացնելու հարցում, ընդհանուր առմամբ, Ախալքալաքի բնակչությունը գնի մեջ չշահեց, բայց քաղաքում հայտնվեց ատելյե։