Գինեսի եռակի ռեկորդակիր՝ Փայլակ Հովհաննիսյանը փորձեց լողալ Փարվանա լճի մի ափից մյուսը, սակայն այս անգամ չստացվեց: Սահմանելով լողի ռեկորդներ, մաթեմատիկոսը փորձում է մարդկանց ուշադրությունը գրավել այս մարզաձևի վրա:
Մասնագիտությամբ մաթեմատիկոս Փայլակ Հովհաննիսյանը Ջավախք էր եկել հերթական ռեկորդը սահմանելու և իր հաղթանակը նվիրելու Ջավախքի մեծանուն գրողներին:
«Ճիշտն ասած չստացվեց, խոստանում եմ ավելի լավ պատրաստվել և նորից փորձել լողալ: Մեղավորությունն իմն էր, բանն այն է, որ վերջին 2 ամիսներին բավականին տաք ջրում եմ մարզվել, դրա համար ընդամենը 3 կմ լողալուց հետո մկաններս փայտացան: Ես նույնիսկ 7 աստիճան ջրում եմ լողացել: Փարվանայի ջրում երկու ժամից ավել լողալուց հետո ինձ նույնիսկ թվում էր, որ ես տեղում եմ լողում: Դա շատ հետաքրքիր զգացողություն էր, որը նախկինում երբևիցե չէի ունեցել: Փարվանա լիճը շատ գերող է»,- ասաց Փայլակ Հովհաննիսյանը:
Փարվանա լճում լողալու համար Փայլակ Հովհաննիսյանին աջակցել և ամեն ինչ կազմակերպել է Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների խորհուրդը:
Փայլակ Հովհաննիսյանն ռեկորդներ սահմանելով ցանկանում է ուշադրություն գրավել այս մարզաձևի վրա: Ռեկորդներ սահմանելով վերջինս հույս ունի, որ իր գրանցած արդյունքները տեսնելով, որևէ մեծահարուստ կօգնի իրեն Երևանում լողավազան կառուցել և երեխաներին անվճար լողալ սովորեցնել:
2006 թվականի սեպտեմբերին նա լողացել է Քարի լճի մեկ ափից մյուսը: 2011թ. սեպտեմբերի 15-ին նա կարողացել է Արագածի վրա գտնվող Քարե լճի մի ծայրից մյուսը լողալ: Առանց որևէ մեկի ուղեկցության նա կարողացել է լողալով հասնել դիմացի ափ և հետ գալ: Գինեսի եռակի ռեկորդակիրն իր հաղթանակը նվիրել է Հայաստանի անկախության 20-ամյակին և կարողացել է 3 ժամ 35 րոպեում 13 աստիճան ջրի պայմաններում հատել Սևանա լճի՝ 9 կմ երկարություն ունեցող հատվածը: Նրա սահմանած արդյունքները գրանցվել են «Դյուցազնագրքում»:
Փայլակ Հովհաննիսյանի երազանքն է լողալ Լա Մանշով և ռեկորդ սահմանել, սակայն նախաձեռնությունն իրականացնելու համար ֆինանսավորում է պետք:
«Սառը ջրում մնալը բավական դժվար է: Ընկնում է մարմնի ջերմաստիճանը և մեծ է վտանգը, որ կարող է մարդու սիրտը չդիմանալ: Նշեմ, որ ես լողորդ չեմ և լողորդներից մոտ երեք անգամ դանդաղ եմ լողում: Որևէ մեկը չի սովորեցրել ինձ լողալ»:
Նշենք, որ վերջինս մասնագիտությամբ մաթեմատիկոս և տնտեսագետ, երկու գիտությունների թեկնածու: Ժամանակին նաև դասավանդել է բուհում, ներկայում դպրոցահասակների հետ մաթեմատիկայի մասնավոր պարապմունքներ է անցկացնում և այդպիսով գումար վաստակում իր երազանքներին հասնելու համար:
Աղունիկ Այվազյան