Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ պետությունը շարունակում է Ուկրաինայից Վրաստանի քաղաքացիների կազմակերպված վերադարձի և նրանց օգնության գործընթացը։
ԱԳ նախարարության հաղորդմամբ, պետության օգնությամբ Ուկրաինայից տարհանված Վրաստանի մինչև 2000 քաղաքացի վերադարձել է հայրենիք։
«Պետությունը շարունակում է Ուկրաինայից տարհանված Վրաստանի քաղաքացիների՝ իրենց հայրենիք կազմակերպված վերադարձի գործընթացը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Լեհաստանում Վրաստանի դեսպանատան օգնությամբ հայրենիք է վերադարձել Վրաստանի շուրջ 80 քաղաքացի, իսկ այս շաբաթ՝ ընդհանուր առմամբ 242։ Այս շաբաթ Վրաստանի դեսպանատան օգնությամբ Ռումինիայից վերադարձել է Վրաստանի 75 քաղաքացի։ Շարունակվում է Վրաստանի քաղաքացիների կազմակերպված տարհանումը Ուկրաինայի տարածքից դեպի սահմանակից պետություններ, մասնավորապես՝ Լվովում Վրաստանի հյուպատոսությունը շարունակում է Վրաստանի քաղաքացիների Վարշավա տեղափոխումը հատուկ ավտոբուսներով, որի հերթական ուղևորությունը նախատեսված է մարտի 20-ին։ Վրաստանի քաղաքացիների կազմակերպված տարհանումն իրականացնում է նաև Վրաստանի հյուպատոսությունը Օդեսայում, որտեղից քաղաքացիներին տեղափոխում են Մոլդովա, որից հետո Ռումինիայով վերադարձնում հայրենիք։
Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները՝ ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ հարևան երկրներում անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի։ Վրաստանի վարչապետի հրամանով նրանց հանձնարարվել է տարրական օգնություն ցուցաբերել Ուկրաինայից տարհանված Վրաստանի քաղաքացիներին ու հետ ուղարկել հայրենիք։ Առկա տվյալների համաձայն՝ պետությունն ապահովել է մինչև 2000 քաղաքացու կազմակերպված վերադարձը հայրենիք»,- հայտնում են Վրաստանի ԱԳ նախարարությունում։