Ախալքալաքում արդեն սկսվել է դպրոցական վերջին զանգի իրարանցումը: Շրջանավարտները վերջին վալսն են փորձում, իսկ ծնողները վերջին գնումները կատարում, որպեսզի հասցնեն պատշաճ սեղան պատրաստել։
Իսկ ինչքա՞ն կարժենա վերջին զանգն ամբողջությամբ, որը չի սահմանափակվում միայն դպրոցի բակում կատարվող արարողությամբ։ Դրան հետևում է երեկույթը և էքսկուրսիան:
Այսպիսով՝
Երեկույթի զգեստը տատանվում է 150-200 լարիի սահմաններում, եթե պատրաստի են գնում, իսկ եթե կարել են տալիս մոտ՝ 400 լարի: Կոշիկները մոտ 100 լարի արժեն, կան ծնողներ, ովքեր երկու զույգ են կոշիկ գնում:
Հրաժեշտի վալսը սովորելու համար յուրաքանչյուր շրջանավարտ վճարել է 50 լարի։
«Շրջանավարտ» գրությամբ ժապավենն արժե 18 լարի, իսկ մազերի ժապավենները՝ 8-10 լարի, իսկ դպրոցի բակում հագնելու շրջազգեստը տատանվում է 100-150 լարիի սահմաններում։ Տեսաերիզների համար յուրաքանչյուր աշակերտ վճարում է 50-ից 70 լարի՝ կախված նրանից, թե վերջին դասի նկարահանումները կմտնեն դրա մեջ, թե՝ ոչ: Վերջին զանգի կարևոր բաղադրիչներից է նաև դրվագազարդը (վինետկա), որի արժե 65 լարի է:
Ավարտական երեկույթի համար հավաքում են նվազագույնը 300 լարի, եթե շրջանավարտների հետ երեկույթին մասնակցեն ծնողներն ու ուսուցիչները:
Ինչ վերաբերում է էքսկուրսիա գնալուն, ապա այդ հարցը բարդ է: Կառավարությունն արգելում է դպրոցից հեռու վայրեր գնալը: Իսկ եթե ավարտականները որոշեն գնալ մոտակա տարածքներ, ապա դրա համար կհավաքեն մոտ 70-ական լարի:
Ավանդաբար դպրոցի բակի միջոցառումից հետո քեֆ-ուրախությունը շարունակվում է շրջանավարտի տանը կամ ռեստորանում։ Եթե սեղանի շուրջ հավաքվելու են շրջանավարտի տանը, ապա կծախսվի 2000-3000 լարի, եթե ռեստորանում՝ ավելի շատ։
Բնականաբար վերջին զանգի ծաղկեփունջը պետք է լինի ամենաճոխը, քանի որ այն նվիրվում է հենց դպրոցի բակում, բոլորը դրան են նայում և քննարկում, ում փունջն էր ամենագեղեցիկն ու մեծը: Ըստ այդմ՝ ծաղկեփնջի գինը տատանվում է 150-250 լարիի սահմաններում:
Թվարկված ծախսերից բացի, ծնողները շրջանավարտին պարտադիր թանկարժեք իր են նվիրում, որ կարող է լինել ոսկյա զարդ, հեռախոս կամ որևէ այլ իր: Շրջանավարտները ոչ միայն նվեր են տալիս, այլև նվիրում են՝ դասղեկին, հավանաբար՝ ոսկյա զարդ, իսկ մյուս ուսուչիցներին ծաղկեփունջ։
Բոլորը ձգտում են այդ օրը անթերի լինել՝ ամենագեղեցիկն ու ամենաճոխը հանգել, ամենամեծ ծաղկեփունջը ստանալ, անկախ նրանից ծնողները հնարավորություն ունեն, թե՝ ոչ: Շատերը նույնիսկ վարկ են վերցնում, որպեսզի հետ չմնան այս մրցավազքից:
Այս տարի Ախալքալաք քաղաքի հինգ դպրոցները միասին 189 շրջանավարտ ունեն:
Ընդգծենք, որ ավանդույթ դարձած այս միջոցառումներին նույնիսկ կորոնավարակը չազդեց: Ճիշտ է, համավարակով պայմանավորված երկու տարի վերջին զանգի արարողնությունները որոշ չափով ձևափոխվեցին՝ ավելի համեստ ու նվազագույն թվով մարդկանցով էին նշում, սակայն այս տարի, ինչպես ծնողներն են ասում՝ երկու տարվա փոխարեն ավելի ճոխ ու բազմամարդ միջոցառումներ ու երեկույթներ են կազմակերպելու իրենց երեխաների համար: Չէ որ դպրոցական վերջին զանգը կյանքում մեկ անգամ է լինում:
Գայանե Ակոջյան