Վերջերս Ախալքալաքում բուռն քննարկումների տեղիք է տվել անչափահասի ինտիմ լուսանկարները տարածելու սպառնալիքով գումար շորթելու և սեռական բնույթի գործողություններ հարկադրելու դեպքը, որը քննում է Ախալքալաքի շրջանային դատարանը: Համացանցային ծանոթությունների թիրախում են հատկապես սեռահասունացման տարիքում գտնվողները: Ինչպիսի՞ մոտեցում է անհրաժեշտ ցուցաբերել այդպիսի դեպքերի ժամանակ, ի՞նչ վերաբերմունք պետք է ցուցաբերի ծնողը երեխայի հանդեպ, այս և այսլ հարցերի շուրջ Jnews-ը զրուցել է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ և մանկական հոգեբան Անի Քոչարյանի հետ:

Ի՞նչ պետք է անի ծնողը, ում երեխան դարձել է նմանատիպ իրավիճակի զոհ

«Շատ կարևոր է, որ երեխայի մոտ չառաջանա մեղքի զգացում, որովհետև դեռահասության տարիքում երեխայի մոտ մեղքի զգացում առաջացնելը շատ ավելի հեշտ է հատկապես և հենց ծնողների կողմից: Հետևաբար, այս իրավիճակում ծնողը հնարավորինս պետք է լինի կարեկցող, լսող, փորձի խոսել և քննարկել երեխայի զգացածը, ապրածը, ամեն կերպ հասկացնի, որ երեխան ինչ էլ արած լինի, միևնույն է՝ ինքն իր ծնողն է, և, նրա կողքին լինելով պատրաստ է օգնել անկախ երեխայի կատարած սխալից», – ասում է հոգեբանը:

Անին կարծում է, որ տղա և աղջիկ երեխաների հանդեպ ծնողների վերաբերմունքը շատ հարաբերական է, քանի որ նմանատիպ իրավիճակներում սովորաբար հայտնվում են ավելի շատ աղջիկները, քան տղաները: Շանտաժի դեպքում նրանց հանդեպ վերաբերմունքում հստակ տարբերություն չի տրվում: Դեռահասության շրջանում ինչքան էլ ծնողները մտածեն, որ իրենց երեխաները մեծ են, միևնույն է՝ նրանք երեխաներ են, և այստեղ շատ կարևոր է ծնողների վերաբերմունքն ու աջակցությունը:

Ի՞նչ անի ուսուցիչը, եթե իր աշակերտն է հայտնվել այդպիսի իրավիճակում

«Ուսուցիչների վերաբերմունքն այս իրավիճակում պետք է լինի շատ կոռեկտ, մասնագիտական էթիկայի սահմաններում: Առաջին հերթին այս թեման չպետք է հանրայնացվի, եթե նույնիսկ ինչ-որ խոսակցություն կա, ապա պետք է շատ արագ փակել այն: Քանի որ, հատկապես աղջիկների մոտ ամոթի, խայտառակության մասին մտքերը կարող են բուռն էմոցիաներով արտահայտվել և հասցնել մինչև անգամ ինքնասպանության», – ասում է հոգեբան Անի Քոչարյանը:

Հոգեբանի խորհուրդն է՝ այդպիսի իրավիճակներից խուսափելու համար նախ և առաջ սեռական դաստիարակություն է պետք տալ երեխային: Սկսած դեռևս 3-4 տարեկանից, երբ նրանք սկսում են ճանաչել իրենց մարմնի մասերը, սկսած ինտիմ օրգանների հետ ճանաչումից, երեխային պետք է հասկացնել, որ այդ ամենն իր սեփականությունն է, ինչ թաքնված է ներքնազգեստի տակ, դա միայն ինքն իրավունք ունի տեսնելու և դա միայն իր սահմաններն են: Իսկ հետագայում արդեն ճիշտ սեռական դաստիարակության օրինակով երեխաներին պետք է բացատրել այս ամենը՝ տհաճ իրավիճակներից խուսափելու համար:

Հոգեբան Անի Քոչարյանն առանձնակի կարևորում է ծնող-երեխա հարաբերություններում փոխադարձ վստահությունը, որն իհարկե, մեկ կամ երկու օրում չի ձևավորվում, այլ երեխայի ծնված օրվանից: Այնուամենայնիվ, եթե նման իրավիճակ է ստեղծվել, ապա ծնողն իրեն պետք է պահի կարեկցող, լսող և իր երեխայի կողքին պետք է լինի ամեն պարագայում, որպեսզի երեխան խուսափի հետագա տրավմաներից: