Կիրովական և Կումուրդո գյուղերի միջև ընկած փշատերև անտառը սկսել է վերականգնվել, սոճիների վրա կանաչ ասեղիկներ են հայտնվել։ Ծառերի վրա զանգվածային վնասատուներ չեն նկատվում, հազվադեպ, բայց կոկոններ կան:
Հուլիսի սկզբին հայտնի էր դարձել, որ սոճիների վնասատուն գործնականում չորացրել է փշատերեւ անտառային գոտին, որը գտնվում է Կիրովական եւ Կումուրդո գյուղերի միջեւ։ Միջատների մասնագետները՝ միջատաբանները, գտնվել են Ախալքալաքում և ուսումնասիրել անտառային գոտի հարձակման դեպքը, հայտնաբերել վնասատուին՝ Dendrolimus pini – սոճու մետաքսորդին:
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությանն առընթեր Ազգային անտառային գործակալության աշխատակիցները հուլիսի 13-ին քիմիական նյութերով ցողել են անտառային գոտին։ 32 հա անտառային տարածքը մասամբ տուժել է վնասատուից, որը կլանել է փշատերեւ ասեղիկները։ Կանխարգելման նպատակով ամբողջ անտառը երկու անցումով մշակվել է Decis Flux քիմիական նյութով։ Մասնագետները հավաստիացրել են, որ քիմիական նյութն արդյունավետ է, սակայն 10 օր հետո ստիպված են եղել կրկնակի ստուգել արդյունքները։
Ինչպես անցյալ շաբաթ ստուգումից հետո հայտնեցին Ախալքալաքի քաղաքապետարանից, վնասատուների կողմից հարձակման ենթարկված անտառային գոտին արդեն երկրորդ անգամ ցողվել է քիմիական նյութերով։ Ախալքալաքի քաղաքապետարանի Էկոլոգիական վարչության բնապահպանական ծառայության բաժնի պետ Ռամազ Խուցիշվիլիի խոսքով՝ իրավիճակը վերահսկում է Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությանը կից Ազգային անտառային գործակալությունը։
Վնասատուների հարձակման պատճառներից են հակասանիտարական պայմանները, աղբը։ Ծառերի մոտ տեսանելի են բնակիչների կազմակերպած խնջույքների հետևանքները, ինչպես նաև Ախալքալաք-Կարծախի մայրուղու ճամփեզրին, որի կողքին անտառային գոտի է, որն անընդհատ աղտոտվում է բեռնատարների վարորդների և այլոց կողմից։