Ըստ Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի՝ կորոնավիրուսի նոր տարբերակը քննարկվում է միայն վարկածի մակարդակով։
Վերջինիս խոսքով, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխատում է այդ հարցով։ Գաբունիան հայտարարում է, որ այս փուլում ուշադրությունը մնում է «օմիկրոնի» վրա։
«Այս փուլում ողջ ուշադրությունը դեռևս սևեռված է «օմիկրոն» շտամի շրջանառության վրա։ Կան միայն հիպոթետիկ վարկածներ նոր շտամի առկայության մասին, որի վրա աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Բնականաբար, այս պահին մենք կոնկրետ տեղեկություն չունենք, թե ինչի հետ կարող ենք գործ ունենալ, կամ, առհասարակ, կարող ենք գործ ունենալ նոր շտամի հետ: Պետք է սպասել։ Այս փուլում դեռ վաղ է խոսել, տեղեկությունը ճշտվում է։ Այսօր ուշադրության կենտրոնում կրկին օմիկրոնն է գտնվում»,- հայտարարել է Թամար Գաբունիան։
Առողջապահության փոխնախարարը գնահատել է երկրում տիրող համաճարակային իրավիճակը և նշել, որ համաճարակի զարգացումը պայմանավորող բոլոր նախանշանները բարելավվում են բավականին արագ տեմպերով։
Միևնույն ժամանակ, ըստ Թամար Գաբունիայի, չնայած համաճարակաբանական իրավիճակի կայունացմանը, դիմակ կրելը դեռևս կարևոր պայման է։