Մառնեուլի մունիցիպալիտետի Ծերեթելի գյուղից Էդգար Մազմանյանը դառնալով Ամերիկայի դեսպանատան փոխանակման ծրագրի՝ Global UGRAD-ի ֆինալիստ, մեկ կիսամյակ իր ուսումը կշարունակի Ամերիկայի Միացյալ Նահանգների Հարավային Ինդիանայի համալսարանում: Էդգարը դեռ մանկուց էր ցանկանում արտերկրում կրթություն ստանալ և դա այլևս ցանկություն չէ, այլ իրականություն:

Էդգարը նախնական կրթությունը ստացել է Մառնեուլի մունիցիպալիտետի Ծերեթելի գյուղի հանրային դպրոցի հայկական բաժնում, հետո ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարան, այժմ նա սովորում է ԹՊՀ-ի սոցիալական և քաղաքական գիտությունների ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» բաժնում: Այս տարի բարձր առաջադիմությամբ ավարտել է երկրորդ կուրսը: Վրաց լեզվի հետ կապված խնդիրներ չի ունեցել, նրա համար ավելի շատ բարդ է եղել մասնագիտական ընտրություն կատարելը:

«Երբ սկսեցի ծանոթանալ համալսարանից առաջարկվող մասնագիտական ցանկի հետ հասկացա, որ հենց «Միջազգային հարաբերություններ» բաժնում եմ ուզում սովորել: Մտածելով, որ այս մասնագիտությունն ինձ կտա գիտելիքներ տարբեր ոլորտների մասին, կցանկանամ նշել նաև այն, որ մասնագիտական ընտրություն կատարելիս շատ կարևոր էր մինչ այդ իմ մասնակցությունը տարբեր ծրագրերի, այցերը տարբեր կառույցներ, կլինեն դրանք միջազգային թե պետական, որտեղ ես ծանոթանում էի նրանց գործունեության հետ և դա օգնեց ինձ ավելի լավ կողմնորոշվել իմ մասնագիտության ընտրության հարցում»:

Էդգարը նշում է՝ սկզբնական շրջանում բարդ է եղել, միայն հանձնարարված նյութերը սովորել հասցնելը, սակայն ժամանակի հետ այն հաղթահարել է, որին օգնել է վրացերենի լավ իմացությունը:

mazmanyan

Էդգարը բացի համալսարանական զբաղվածությունից մասնակցում է տարբեր ծրագրերի և ներգրավված է մի շարք ակտիվություններում:

«Այս պահին Վրաստանի Կարմիր Խաչի անդամ եմ և աշխատում եմ այնտեղ, բացի դրանից ակտիվ մասնակցում եմ տարբեր միջազգային և շրջանային ծրագրերի, փորձում եմ ակտիվ լինել նաև բարեգործական կազմակերպություններում և Global UGRAD-ը, որի շրջանակներում պետք է մեկ կիսամյակ սովորեմ ԱՄՆ-ում այդ ծրագրերից մեկն էր, դեռ մանկուց շատ էի ցանկանում կրթություն ստանալ արտասահմանում և հենց ԱՄՆ-ում կրթություն ստանալը իմ ամենամեծ նպատակներից մեկն էր»:

Առաջին փուլը դա հայտերի ընդունումն է եղել, որը հաջող անցնելուց հետո մեր հերոսը մասնակցել է հարցազրույցի, իսկ հետո արդեն հանձնել անգլերենի միջազգային թեստ և որոշ ժամանակ անց ստացել դրական պատասխան:

«Ես մտածում եմ, որ այս ծրագրին մասնակցելը և ԱՄՆ-ում սովորելն ինձ հնարավորություն կտա հետագայում երիտասարդների հետ ավելի հստակ խոսելու արտասահմանյան կրթության և դրա կարևորության մասին, նրանց հետ կկարողանամ փոխանակել այնտեղ ստացած իմ գիտելիքներով և միջազգային փորձով: Եվ այդ փորձը կարծում եմ ապագայում ինձ կօգնի իմ մասնագիտությունում ավելի պրոֆեսիոնալ լինելու մեջ և ավելի կմեծացնի իմ աշխարհայացքը, կունենամ շատ ընկերներ արտասահմանից, ովքեր ինձ կօգնեն իմ գործունեության մեջ և դա նույնպես ինձ հետագայում հնարավորություն կտա այստեղ օգնել բոլորին, ովքեր ցանկություն կունենան սովորել արտերկրում»:

Չնայած զբաղվածությանը Էդգարը փորձում է ազատ ժամանակ գտնել նաև ընտանիքի և ընկերների համար, սիրում է գրքեր կարդալ, զբաղվել սպորտով և երաժշտությամբ:

Մեր այն հարցին, թե ի՞նչն է իրեն օգնում առաջ շարժվել և հաղթահարել հանդիպած դժվարությունները, մեր հերոսը պատասխանեց, որ ամենաառաջնայինը դա մարդկանց օգնելու իր մեծ ցանկությունն է: Կարծում է, որ դեռ ինքը պետք է առաջ գնա հետագայում մարդկանց օգնելու համար, իսկ դրա համար անհրաժեշտ է շատ ջանքեր թափել և աշխատել:

Իսկ վերջում Էդգարն իր մասին ընթերցողներին ասում է՝ եթե ինչ-որ մեկը մտածում է, որ ես կարող եմ իրեն օգնել կամ ինչ-որ բան է հետաքրքրում, ապա կարող են դիմել իրեն: