Այսօր՝ օգոստոսի 26-ին, Ախալքալաքում կորոնավարակի 5 նոր դեպք է հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 8 732։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 99 նոր դեպք. Ադիգենի՝ 9, Ասպինձա՝ 4, Ախալցիխե՝ 29, Ախալքալաք՝ 5, Բորժոմի` 50 և Նինոծմինդա՝ 2:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1190 անձ. Ախալցիխեում՝ 295, Բորժոմիում՝ 277, Ադիգենում՝ 163, Ասպինձայում՝ 95, Ախալքալաքում՝ 236 և Նինոծմինդայում՝ 114:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 163 հիվանդ (Կլինիկայում ընդհանուր տեղերի քանակը 255 է):
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 110 մարդ: Գրանցվել է մահվան 2 դեպք։ 82 տարեկան մի տղամարդ մահացել է Բորժոմի մունիցիպալիտետում, ևս մեկ մարդ՝ 70 տարեկան կինը մահացել է Ախալցիխեի մունիցիպալիտետում։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 8 184, իսկ մահվան դեպքերը՝ 80:
Այս պահի դրությամբ սպասվում է 185 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 71 անձ, ընթանում է փորձաքննություն։
Սամցխե-Ջավախքում վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 810 անձ, իսկ ընդհանուր պատվաստվածների թիվը կազմում է 15 738։