Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում, առաջնահերթ աշխատանքներն ընտրելու նպատակով, անցկացվում են ժողովներ, որոնք իրականացվելու են «Օգնություն գյուղին» ծրագրի (ՕԳԾ) միջոցներով: Բնակիչներին առաջնահերթություններն օգնում են ընտրել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովները: Jnews-ը երեկ ներկա էր Բուղաշեն, Բալխո և Գոման գյուղերի ժողովներին։

Մունիցիպալիտետում ստեղծվել են 13 հանձնաժողով՝ յուրաքանչյուրում երկու անդամ։ Մարտի 4-ից գյուղերում անցկացվում են ժողովները։

Մարտի 11-ին, Jnews-ը մասնակցեց Բուղաշեն, Բալխո և Գոման գյուղերի ժողովներին։ Օժանդակ հանձնաժողովի անդամներն էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և քաղաքապետարանի Գույքի և պլանավորման բաժնի մասնագետ Վահան Բաթոյանը։ Ժողովներին ներկա էր նաև Զակ տարածքային միավորից ընտրված, որտեղ ընդգրկված են նաև վերոնշյալ գյուղերը, Սակրեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսեսյանը։

Երեք գյուղերում էլ ժողովները դրսում անցկացվեցին, այն վայրերում, որտեղ գյուղացիները սովորաբար ամեն օր հավաքվում են։ Ժողովներին քիչ մարդ կար։

bugashen

Բուղաշեն գյուղում առաջնահերթ աշխատանքն ընտրվեց անմիջապես: Բուղաշենցիները որոշեցին գյուղում խմելու ջրի ասբեստե խողովակները փոխարինել պլաստմասսե խողովակներով։ Բուղաշեն գյուղին ՕԳԾ-ով հատկացված գումարը 16 000 լարի է։

«Երկարությունը 4 կմ է, այս տարի 16 000 լարիով նոր խողովակներ կգնենք։ Ջրագիծն ասբեստից է, և ինչպես Դուք գիտեք, դա վնասակար է առողջության համար։ Եթե ինչ-որ բան չհերիքի, մունիցիպալիտետը կօգնի և կգնենք անհրաժեշտ քանակությամբ խողովակներ, իսկ հաջորդ տարի կփոխենք»,- պարզաբանեց Զակ տարածքային միավորի Սակրեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսեսյանը։

Բալխո գյուղի գումարը նույնպես 16 000 լարի է։ Գյուղը լիազոր չունի: Բնակիչները, տեսնելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, դժգոհեցին, որ տեղական իշխանությունները բավարար ուշադրություն չեն դարձնում Բալխո գյուղին։ Նրանք դժգոհում էին վատ ճանապարհներից, խմելու ջրի քչությունից, աղբամանների բացակայությունից։

«Սարերում կան աղբյուրներ, խողովակներն ունենք, աղբյուրներից նոր ջրագիծ է պետք քաշել։ Գյուղին սկզբում ջուրը բավարարում էր, բայց հիմա բոլորը տանը երկու-երեք ծորակ ունեն, ջուրը չի հերիքում, անհրաժեշտ է նոր գիծ անցկացնել»,- ասում է գյուղի բնակիչ Աղաս Մելքոնյանը։

joxov balxo

«Մեր ճանապարհները շատ վատն են, ձմռանը չեն մաքրվում, գյուղում աղբամաններ չկան, անելանելիությունից աղբը նետում ենք գյուղի մուտքի մոտակայքում, տեղադրե՛ք վերջապես աղբամաններ »,- դժգոհում է Սարգիս Սարգսյանը։

Բալխո գյուղում մոտ 120 տնտեսություն կա։

Գյուղացիները սկզբում նախընտրեցին գյուղի ճանապարհների բարեկարգումը և ջրամատակարարման նոր ջրագիծը, սակայն հանձնաժողովի ներկայացուցիչներն ասացին, որ հնարավոր է, որ ճանապարհները հարթեցվեն մունիցիպալիտետի միջոցներով։ Դրանից հետո գյուղացիները որոշեցին ամբողջ գումարը ծախսել ջրամատակարարման նոր գծի վրա։

Գոման գյուղում նույնպես բարձրացվեց աղբի խնդիրը: Գոման գյուղի ՕԳԾ-ով հատկացված գումարը կազմում է 16 000 լարի։

joxov Goman

Գոմանում բնակիչները որոշեցին հասարակական երկու զուգարան կառուցել, մեկը՝ ծիսակատարությունների տան մոտ, իսկ երկրորդը՝ գերեզմանատան մոտ։ Իսկ մնացած գումարով բնակիչները որոշեցին փողոցային լուսավորությունն ավելացնել։

Նշենք, որ այս բոլոր գյուղերում ժողովներն ու քննարկումները երկար չէին տևում, բնակիչներն արդեն տեղեկացված էին այս ծրագրի մասին, և նախքան ժողովն արդեն քննարկել էին իրենց առաջնահերթ աշխատանքները։