Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղում այս տարի «Օգնություն գյուղին» նախագծի շրջանակներում որոշել են երիտասարդների համար զբաղմունքի կենտրոն կառուցել։ Շենքն արդեն պատրաստ է, մնում է կահավորել սպորտային սարքավորումներով։
Գյուղի հին դպրոցի շենքի մի հատվածը, որն արդեն երկար տարիներ է չէր գործում և գտնվում էր անմխիթար վիճակում, վերանորոգել են, ամրացրել հատակն ու կտուրը։ Սակայն գումարը չի հերիքել, որպեսզի այս տարի շենքը կահավորեն համապատասխան սպորտային սարքավորումներով: «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Օրջա գյուղին հատկացվել է 16 հազար լարի:
«Մենք բոլորով որոշեցինք, որ գյուղի երիտասարդների զբաղմունքի համար կենտրոն բացենք։ Մենք մեծ հույս ունենք, որ հաջորդ տարի մունիցիպալիտետը կօգնի սպորտային սարքավորումներ ձեռք բերելու համար, ինչի մասին խոսել ենք արդեն քաղաքապետի հետ», – ասաց գյուղի մասնագետ Ռոբերտ Արևյանը։
Գյուղացիները նույնպես ասում են, որ միասին են համաձայնության եկել, որպեսզի երիտասարդներն ամբողջ օրը գյուղի կենտրոնում չանցկացնեն։
«Մենք եկել ենք համաձայնության, բայց բանն այն է, որ շենքը դատարկ է, եթե օգնեն համապատասխան սարքավորումներով կահավորել շատ լավ կլինի, ուր գնում ես, թեկուզ փոքր քաղաքներում, ամեն տեղ այդպիսի սպորտային սարքավորումներ կան»,-ասաց Օրջայի բնակիչ Պետրոս Մաքոյանը։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասաց, որ անձամբ է եղել գյուղում, հանդիպել է գյուղացիների հետ և վստահեցնում է, որ հաջորդ տարի նախագիծը ավարտին կհասցվի:
«Անմիջական հանդիպում ունեցել եմ գյուղացիների հետ, եղել եմ տվյալ տարածքում, մենք հաջորդ տարի կունենանք ընդհանուր նախագիծ, տեղական բյուջեյով վերջնական տեսքի կբերենք և կավարտենք սկսված աշխատանքները: Եթե «Օգնություն գյուղին» ծրագրով կատարեն, ապա դրա համար մի քանի տարի կպահանջվի», – ասաց քաղաքապետը:
Շենքի վերանորոգման աշխատանքները իրականացրել է անհատ ձեռներեց Աշոտ Կարախանյանը: