Կաջո գյուղից Վեներա Ալեքսանյանն ընդամենը 15 տարեկան է, բայց հասցրել է մի շարք մրցույթների մասնակցել ու հաղթել, աչքի է ընկնում անսպառ էներգիայով ու աշխատասիրությամբ: Մեր հերոսուհին իր հասակակիցներին հորդորում է քաղաքացիական ակտիվիզմը դարձնել առօրյա կյանքի մաս:
Վեներան սովորում է Կաջոյի հանրային դպրոցի 10-րդ դասարանում: Նա իր ակտիվ կյանքի համար ամենամեծ մոտիվացիան համարում է դրական ու արդյունավետ աշխատանք կատարելու մեծ ցանկությունը, ինչը հաջողություն է բերում՝ և՛ իրեն, և հասարակությանը:
Բոլորովին վերջերս Վեներա Ալեքսանյանը մասնակցել է «Այս երկիրը քոնն է» մրցույթին: Նա առանձնակի ոգևորությամբ է պատմում այդ մասին:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը «Այս երկիրը քոնն է» արշավի շրջանակներում հայտարարում է «Այս երկիրը քոնն է» խորագրով մրցույթ, որի նպատակն է բարձրացնել երիտասարդների քաղաքացիական պատասխանատվությունը, խթանել ակտիվությունը, խրախուսել եւ երիտասարդներին ներգրավել երկրում քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում: Այս տարվա մրցույթի թեման քաղաքացիական ակտիվությունն է եղել:
Մեր հերոսուհին մրցույթին ներկայացնելով Ջավախքը, ներկայացրել է ակտիվիզմի կարևորությունն ու կիսվել իր փորձով:
2020 թվականին մասնակցել է Վրաստանի առաջին հեռուստաալիքի ոչ վրացալեզու դպրոցների աշակերտների համար կազմակերպած վրաց լեզվի օլիմպիադային և նույն թվականին «ისწავლე, რათა ამოიცნო/Learn to Discern» նախագծի հաղթող է դարձել:
Վեներան խոսում է նաև կամավորական աշխատանքի կարևորության մասին՝ շեշտելով, որ այն ինքնաճանաչողության ձև է, ինչպես նաև փորձի փոխանակման և մարդկանց օգնելու հնարավորություն:
«Ակտիվ ներգրավված եմ կամավորական գործնեության մեջ։ Կամավորական եմ «Helping Hand» ոչ կառավարական կազմակերպությունում: 2021 թվականին ճանաչվել եմ տարվա լավագույն կամավոր։ Իսկ 2022 թվականին կամավորների առաջնորդ եմ դարձել «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամում»:
15-ամյա դպրոցական աղջիկը նաև «We 4 Education» ոչ կառավարական կազմակերպության անդամ է, իսկ «Knowledge seekers» կազմակերպությունում վեբինարներ է կազմակերպում:
«Տարբեր հանդիպումների ժամանակ փորձում եմ բարձրացնել մեր շրջանում ապրող երիտասարդների խնդիրները: Կարծում է շատ կարևոր է իրազեկել և տեղեկացնել այն բարիերների մասին, որոնց մենք հանդիպում ենք: Ուզում եմ ասել, որ առանց երազանք՝ չկա կյանք։ Յուրաքանչյուրի նման ես էլ ունեմ երազանքներ, որոնք տարբերվում են իրարից` իրական ու անիրական լինելով: Ես ունեմ իմ «Երազանքների սանդղակը», որտեղ վերևի մասում գտնվում են այն երազանքներս, որոնք իրականանալու են, այդ մասը ես անվանում եմ «նպատակներ», որոնց ամեն գնով պետք է հասնեմ: Դրանք կապված են ինչպես իմ, այնպես էլ մեր շրջանի զարգացման հետ»:
Ապագայի մասին խոսելիս, Վեներան նշում է, որ ծրագրերը շատ-շատ են, սակայն չի սիրում խոսել այդ մասին: Ասում է՝ անդադար պետք է սովորել, աշխատել սեփական անձի զարգացման և կատարելագործման վրա և երբեք չհանձնվել: «Երազանքների սանդղակի» իրականացման ճանապարհին իրեն մոտիվացնում է դրական ու արդյունավետ աշխատանք կատարելու ցանկությունը, և այն գրքերը, որոնք սիրում է ազատ ժամանակ կարդալ: