Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողները դաստիարակի կողմից իրենց երեխային ծեծի ենթարկելու մասին հայտարարություն են գրել: Դաստիարակի կարծիքով, սա սադրանք է` իրեն աշխատանքից ազատելու համար: Մանկապարտեզների միավորումը դեռևս ուսումնասիրում է այս գործը:
№3 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկատվությունը տարածվեց սոցիալական ցանցերով: Այնտեղ ասվում է, որ դաստիարակը 5 տարեկան երեխայի է ծեծել: Մանկապարտեզում չգիտեն, արդյո՞ք նման դեպք եղել է, թե ոչ, նրանք ծնողների բողոքը փոխանցել են Մանկապարտեզի միավորմանը:
«Ես ստանում եմ զեկույցներ մանկապարտեզների ղեկավարներից: Մինչ այս նման միջադեպ չի եղել: Ես կարդացել եմ ծնողի հայտարարությունն այն մասին, որ դաստիարակը հարվածել է երեխայի ձախ այտին: Կոնկրետ քննարկվում է այս դաստիարակի գործը, դեռ որոշում չեմ կայացրել: Ես դիմել եմ վերադաս մարմնին (խմբ. Քաղաքապետարան): Տեսնենք, ինչ որոշում կկայացվի: Դաստիարակն ինձ չի ներկայացրել զեկույց և չի եկել ինձ մոտ, դա բացատրելով նրանով, որ զբաղված է երկրորդ աշխատավայրում», – մեկնաբանում է Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանը:
Դաստիարակը, ում մասին գրված էր երեխայի ծնողների հայտարարության մեջ, ասում է, որ նման բան չի եղել:
«Ես հաստատում եմ 100%-ով, որ նման բան տեղի չի ունեցել: Երկու տարի առաջ նրանք դա կոչում էին վերակազմավորում, նրանք աշխատանքից ազատեցին իմ մայրիկին: Դրանից հետո ես մնացի մանկապարտեզում աշխատելու: Դա նրանց դուր չեկավ, յուրաքանչյուր պահի ուզում էին զրպարտել ինձ: Չգիտեմ, թե ինչ են արել ծնողի հետ, մենք շատ լավ հարաբերություններ ունեինք նախկինում, անհնար էր, որ այդ մարդիկ նման կերպ վարվեին: Ծնողներին դրդել են դրան, և ահա նման բան եղավ: Ես սիրում եմ երեխաներին, ամենքի հետ լեզու եմ գտնում: Ես նույնիսկ քիչ եմ աշխատանքում, այնտեղ ընդամենը 2 ժամ եմ անցկացնում՝ առավոտյան ժամը 9:00-ից մինչև 11:00-ը: Բոլոր երեխաները և ծնողները սիրում են ինձ, և դրանից հետո ծնողները հավաքել են ստորագրություններ, որ հարգում և սիրում են ինձ», – ասում է դաստիարակը:
Երեխայի ծնողները, ովքեր գրել են դիմումը, կտրականապես մերժեցին այս թեմայով մեզ որեւէ բան ասել:
Միավորումը հայտարարում է, որ իրենք աշխատում են, որ մանկավարժներին տեղեկացնեն երեխաների իրավունքների մասին և այն մասին, թե ինչպես աշխատել չարաճճի երեխաների հետ:
«Ապրիլին մեր մեթոդաբանը կանցկացնի թրեյնինգ մանկավարժների համար, որի ընթացքում անպայման կշոշափվի նաև այդ թեման: Հոգեբանն իր մեթոդները կներկայացնի, եթե երեխան չի հնազանդվում, կամակորություն է անում՝ ինչպես վարվել նման դեպքերում», – ասում է Զարուհի Բարբարյանը: