Ախալքալաքի մունիցիպալիտետում զբոսաշրջությունը զարգացնելու համար, LAG – Տեղական զարգացման խումբը՝ «ENPARD-2» ծրագրով, ֆինանսավորել է սոցիալական նախագիծ, որի ընդհանուր գումարը կազմել է 36 821 լարի: Թեև, նախագիծն այսօրվա դրությամբ, Covid-19-ի համավարակի պատճառով, չի հասել իր նպատակներին։
Շողիկ Ռաիսյանի սոցիալական նախագիծն ուղղվել է մունիցիպալիտետում զբոսաշրջության զարգացմանը։ Նախագծի ընդհանուր գումարը կազմել է 36 821 լարի, որից դրամաշնորհը ծածկել է 31 387 լարին, իսկ մնացածը՝ ինքնաֆինանսավորմամբ։
Շողիկ Ռաիսյանը դրամաշնորհային միջոցներով գնել է համակարգիչ, նոութբուք, վերանորոգել է մեկ սենյակ, որտեղ գտնվում է զբոսաշրջային կենտրոնի գրասենյակը, ստեղծել է Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների տեսարժան վայրերով զբոսաշրջային կայք-էջ, որպեսզի այդ ամենը ցույց տա աշխարհի տարբեր ծայրերից եկած զբոսաշրջիկներին և Վրաստանի տուրօպերատորներին՝ զբոսաշրջիկներին Ջավախք ներգրավելու նպատակով: Բացի այդ, զբոսաշրջային կենտրոնի նպատակներից էր միավորել Ջավախքի բոլոր տուրօպերատորներին։
Գրասենյակն այսօր չի գործում։ Շողիկ Ռաիսյանի խոսքով, համավարակը փակել է նախագծի զարգացման բոլոր հնարավորությունները։
«Սա զբոսաշրջության զարգացման և զբոսաշրջությամբ զբաղվողների համար է, բայց եթե զբոսաշրջիկներ չկան, ինչով զբաղվել։ Նախագիծը տեղեկատվական բազա էր հանդիսանում թե՛ զբոսաշրջիկների, թե՛ տուրիզմով զբաղվողների համար։ Մենք՝ որպես նոր բաղադրիչ, նոր վայր, շատ անհրաժեշտ էր, որ զբոսաշրջիկը ծանոթանար Ախալքալաքի հետ։ Սա միակ վայրն է Վրաստանում, որը Վրաստանի տուրիստական բազայում չկա, նախագծի սկզբում պահանջարկ կար, կային զբոսաշրջիկներ, բայց հետո ամեն ինչ կանգ առավ, համավարակը ազդեց հենց այնտեղ, որտեղ ամեն ինչ դեռ նոր էր սկսվում, այլ տեղերում ամեն ինչ արդեն կարգավորված էր, իսկ այստեղ նոր-նոր սկսվում էր»,- ասում է Շողիկ Ռաիսյանը։
Նախագծի շրջանակներում ստեղծված TravelAkhalkalaki.com կայքը փակվել է, և այժմ նախագծի հեղինակը ստեղծել է նոր նմանատիպ կայք՝ travelakhalkalak.com. Նոր կայքում կա նույն տեղեկությունը, ինչ հնում էր: Սակայն նոր կայքը վերջին անգամ թարմացվել է ավելի քան մեկ տարի առաջ:
Կայքն ունի քարտեզներ, առցանց քարտեզ, հետաքրքիր վայրերի բոլոր ուղղությունները, հուշարձանների, խանութների, հյուրանոցների տեղանշումները։ Ռաիսյանի խոսքով, նա այժմ անում է ամեն ինչ, որպեսզի կայքը հայտնվի Վրաստանի տուրօպերատորների ցանկում։
«Հանրահռչակումը շատ նուրբ գործ է, պետք է լինել շատ զգույշ»,- ասում է Շողիկ Ռաիսյանը։
Նախագծի շրջանակներում հեղինակը պատրաստել է մոտ 100 հուշանվերներ և վաճառել դրանք։ Նա պատրաստվում է շարունակել հուշանվերների, այդ թվում՝ հուշանվեր քաղցրավենիքի արտադրությունը՝ ծրագրելով խորացնել այս բիզնեսը՝ նախագիծը պահպանելու և զարգացնելու համար։
Ախալքալաքում դեռևս եզրահանգել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է զբոսաշրջությունը զարգացնել ներսից, համավարակը թույլ չտվեց սկսել դա անել։ Իսկ ինչ կլինի համավարակից հետո, զբոսաշրջությունը կզարգանա, թե՞ նորից ամեն ինչ կմնա քննարկման մակարդակի վրա…