Ուսանողների դրամաշնորհային մրցույթի գրանցումը Վրաստանում մեկնարկել է մարտի 7-ին և կտևի մինչև ապրիլի 4-ի ժամը 18:00-ն։ Այս մասին հայտնում է Վրաստանի Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը։
Գրանցումն իրականացվում է Վրաստանի Քննությունների և գնահատման ազգային կենտրոնի կայքում՝ online.naec.ge։
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր ցանկանում են ֆինանսավորում ստանալ կամ ավելացնել դրա չափը։ Նախապայմանն այն է, որ մրցույթի մասնակիցը պետք է լինի ուսանողի ներկա կարգավիճակով անձ։
Գրանցվելուց առաջ պետք է վճարել 10 լարի։ Եթե մասնակիցը մինչև ապրիլի 4-ը մրցույթից հրաժարվելու ցանկության մասին տեղեկացնի Քննությունների և գնահատման ազգային կենտրոնին, վերոնշյալ գումարը կվերադարձվի նրան։
Շրջաններում մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են Կրթական ռեսուրս֊կենտրոններում, ինչպես նաև gancxadebebi@naec.ge էլ.հասցեով։
Այն դեպքում, եթե ուսանողը հաջողությամբ չկարողանա հանձնել քննությունը և չբարելավի իր դրամաշնորհը, նա կպահպանի այն ֆինանսավորումը, որն ուներ մինչև մրցույթին մասնակցելը։