Չունչխա գյուղի դպրոցը, որտեղ 132 երեխա է սովորում, գտնվում է կիսաքանդ վիճակում, դասասենյակները փոքր են, իսկ աշակերտների մի մասը կրթություն է ստանում փայտե տնակում: Հարևան Պտենա գյուղի երեխաները ևս հաճախում են Չունչխայի դպրոց:

Նախկին մանկապարտեզի շենքն այսօր որպես դպրոց է ծառայում: Մի հարկանի այս կառույցն առաջին հայացքից լքված բնակավայր է հիշեցնում: Միակ և ակնառու վկայությունը, որ սա ինչ-որ պետական հաստատություն է՝ քամուց ծածանվող Վրաստանի պետական դրոշն է շենքի դիմաց:
dproc

Գյուղի բնակիչները վստահենցում են, որ ճիշտ ենք եկել, և սա իրենց գյուղի դպրոցն է:

«Ինչ ասեմ, սա է մեր դպրոցը: Տեսեք, այստեղի ցրտին ինչ դպրոցում են մեր երեխաները սովորում: Հազար անգամ բողոքել ենք, նամակ գրել, ահա արդյունքը»,- սրտնեղեց բնակիչներից մեկը, չցանկանալով նշել իր ով լինելը:

Նախկին մանկապարտեզի և գյուղի ակումբի, ներկայիս դպրոցի շենքը կառուցվել է 1930 թվականին:

«Մանկապարտեզ և կլուբ է եղել, հետո այն քանդել են և դասասենյակներ սարքել: Դասասենյակները շատ փոքր են օդը չի հերիքում, 14-22 աշակերտ դասի են նստում շատ փոքր սենյակում»,- նշեց Չունչխա գյուղի դպրոցի տնօրեն Էմզառ Պապիձեն:
dasaran

Միաժամանակ հավելելով, որ դասասենյակների բացակայության պատճառով չորս դասարան էլ հարևանությամբ գտնվող ֆիննական փայտե հյուղակում են տեղավորել:

«Այստեղ է գտնվում 4 դասասենյակ, սպորտային սենյակ և դպրոցի լաբորատորիան: Ձմռանը ահավոր է դաս անել: Վառարանով ենք տաքացնում: Տեսեք ինչ ճեղքեր են, ինչ վիճակում է գտնվում, տեսեք ինչ պայմաններում են երեխաները սովորում: Արդեն չեմ հիշում քանի անգամ եմ դիմել դպրոցը կառուցելու խնդրանքով: Ամբողջ գյուղով, տնօրենով, ուսուցչական կազմով դիմել ենք, որ նոր դպրոց կառուցեն»,- ասաց Էմզառ Պապիձեն:
patuhan

Չունչխա գյուղի դպրոց են հաճախում նաև հարևան Պտենա գյուղի աշակերտները: Դպրոցում առավոտից մինչ երեկո դասերն են ընթանում: Առաջին հերթափոխով Չունչխա գյուղի աշակերտներն են, այնուհետև Պտենա գյուղի դպրոցականները: Ընդհանուր առմամբ այս կիսաքանդ շինության պատերից ներս միջնակարգ կրթություն են ստանում թվով 132 աշակերտ:
arastax

2015 թվականի սեպտեմբերից Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն արգելել է Պտենա գյուղի դպրոցում դաս անցկացնել: Այն գտնվում է փլուզման եզրին:

Էմզառ Պապիձեի խոսքով խոստումներ կան, սակայն այդ խոստումնները այդպես էլ խոսքից այն կողմ չեն անցել:

«Մեր դպրոցը սարսափելի վիճակում է գտնվում: Խոստումներ եղել են, դեռ 2011 թվականին խոստացել էին սկսել նոր դպրոցի շինարարությունը, բայց արդեն 2016 թվական է, մենք նույն փայտե ապաստանի մեջ ենք դաս անում: Փոխնախարարը երբ Ախալքալաքում էր խոստացավ 2017-ին սկսել Պտենա գյուղի նոր դպրոցի շինարարությունը: Դժվարանում եմ ասել մեզ համար ևս դպրոց կկառուցեն թե ոչ»,- եզրափակեց Չունչխա գյուղի դպրոցի տնօրենը:
ashakert

Աղունիկ Այվազյան