Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ Վրաստանում արշավ է սկսվել Ռուսաստանի քաղաքացիների դեմ, ինչը, ըստ նրա, «խտրականության և շովինիզմի ծայրահեղ կոպիտ դրսեւորում է»։
Դրանում Կոբախիձեն մեղադրում է ընդդիմադիր ուժերին, որոնց կառավարությունը բազմիցս անվանել է «պատերազմի կուսակցություն»։
«Պատերազմի կուսակցության» մտադրությունների ևս մեկ դրսևորումն է Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների դեմ նոր արշավը։ Հատկապես մտահոգիչ է այն, որ խտրականության ու շովինիզմի կոպիտ դրսեւորում հանդիսացող այս արշավին մասնակցում են «Ազգային շարժման» հետ կապված այսպես կոչված հասարակական կազմակերպությունները, որոնց հիմնական առաքելությունը պետք է լինի խտրականության բոլոր ձևերի և ազգամիջյան ատելության սերմանման կանխումը։
Ընթացիկ արշավը կոպտորեն խախտում է Վրաստանի Սահմանադրության 11-րդ հոդվածը, որն անվերապահորեն արգելում է էթնիկ պատկանելության նշանով խտրականությունը։
Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսած պատերազմն որևէ արդարացում չունի: Անկախ պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումն անընդունելի է, և մենք ևս մեկ անգամ դատապարտում ենք այս ծանր ակտը։ Սակայն այս արարքի համար անմեղ քաղաքացիներին պատժելը նույնպես լիովին անթույլատրելի է և կտրականապես անընդունելի»,- հայտարարել է Կոբախիձեն։
Կոբախիձեն նշել է, որ Վրաստանում որոշ մասնավոր ընկերություններ արդեն իսկ մերժում են ՌԴ քաղաքացիներին սպասարկումը կամ առաջ են քաշում «խտրական վերապահումներ»։
«Ներկայումս տեղի են ունենում դեպքեր, երբ մասնավոր ընկերությունները հրաժարվում են ծառայություններ մատուցել Ռուսաստանի քաղաքացիներին կամ խտրական վերապահումներ են անում ծառայությունների մատուցման առնչությամբ։ Կա լուրջ վտանգ, որ այս մոտեցումն ավելի լայն տարածում կստանա և կհանգեցնի ֆիզիկական բռնության Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ»,- ասել է Կոբախիձեն։
«Վրացական երազանքի» նախագահը կոչ է արել ՆԳՆ-ին ձեռնարկել բոլոր միջոցները՝ նմանատիպ դեպքերը կանխելու համար։
«Մենք կոչ ենք անում իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր միջոցները՝ կանխելու և ճնշելու ցանկացած ֆիզիկական բախում և ազգամիջյան ատելություն հրահրելու փորձեր։ Նման արարքների համար բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասել է նա։