Վրաստանը պատրաստ է հարթակ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար: Այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ասել է իր հայ գործընկերոջ հետ Երեւանում կայացած հանդիպմանը, որտեղ նա մեկնել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցի շրջանակներում:
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատվի և առկա բոլոր խնդիրները լուծվեն միայն երկխոսության և բանակցությունների միջոցով: Այս ուղղությամբ մեր նախաձեռնությունները հայտնի են: Դրանք հնչել են ինչպես Վրաստանի վարչապետի Ադրբեջան կատարած այցի ընթացքում, այնպես էլ Երեւան կատարած այցի ընթացքում: Վրաստանը պատրաստ է առաջարկել Թբիլիսին Հարավային Կովկասի մեր գործընկերներին՝ որպես երկխոսության հարթակ:
Իհարկե, մենք պատրանքներ չունենք, որ Վրաստանն ունի նշանավոր քաղաքական հարցերի միջնորդման ռեսուրս, բայց հնարավոր է լուծել տնտեսական համագործակցության, փոքր և միջին բիզնեսի գործընկերների համագործակցության, մարդկանց միջև հարաբերությունների, մարդասիրական համագործակցության հետ կապված հարցերը, որպեսզի Հարավային Կովկասի երեք երկրների միջև երկխոսությունը կայանա: Մենք պատրաստ ենք դրան, և մեր պատրաստակամությունը արձանագրել ենք երկու երկրների մայրաքաղաքներում՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում:
Ես համոզված եմ, որ եթե այս ուղղությամբ լինի քաղաքական կամք, կարելի է հասնել զգալի շոշափելի արդյունքների», – ասել է Դավիթ Զալկալիանին: