«Ուրալյան ավիաուղիները» մարտի 4-ից չեղարկել են թռիչքները մի շարք երկրներ՝ Հայաստան, ԱՄԷ, Ադրբեջան և Իսրայել։ Այդ մասին հայտնել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։
«Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով «Ուրալյան ավիաուղիները» ստիպված են չեղարկել թռիչքները հետևյալ միջազգային ուղղություններով․ մարտի 4-ից՝ դեպի ԱՄԷ և Հայաստան, մարտի 5-ից՝ Ադրբեջան, մարտի 4-ից՝ Իսրայել»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է mskagency-ն։
Թռիչքները չեղարկվել են մինչև մարտի 26-ը։
«Ռոսավիացիան» իր հերթին հայտնել է, որ ՌԴ հարավի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումները երկարացվել են մինչև մարտի 14-ը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։