Մարտի 1-ից Վրաստանի քաղաքացիների համար կորոնավիրուսի ՊՇՌ (PCR) թեստավորումն այլևս չի ֆինանսավորվի պետական ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը։ Jnews-ը, սակայն, Կրթության նախարարությունից ճշտել է, որ ուսուցիչների պարտադիր թեստավորումը մնում է ուժի մեջ և այն կրկին կֆինանսավորվի պետության կողմից։
«Մարտի 1-ից պետական ծրագրով PCR թեստավորումն այլևս չի ֆինանսավորվի, սակայն էքսպրես-թեստավորման ծրագիրը կշարունակվի»,- հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Ինչպես պարզաբանեցին գերատեսչությունից, կորոնավիրուսի թեստավորման ծրագրի պայմանները վերանայվել են՝ «հաշվի առնելով առկա համաճարակային իրավիճակը»։ Մասնավորապես, շարունակում է համարվել գերիշխող օմիկրոն տարբերակը, որին բնորոշում է հիվանդության բավականին թեթև ընթացք։ Միևնույն ժամանակ հիվանդացության պիկային շրջանն արդեն անցել է։ Առողջապահության նախարարությունից նշում են նաև, որ հոսպիտալացումների թիվը նվազել է, և հիվանդների մոտ հիվանդությունը շատ դեպքերում թեթև է ընթանում կամ առանց որևէ ախտանիշների։
COVID-19-ի ախտանիշներով անձինք, որոնց արագ թեստը բացասական արդյունք է ցույց տվել, պետք է մեկուսացման մեջ մնան առնվազն հինգ օր։ Հետագա դիտարկման պլանը պետք է մշակվի ըստ ախտանիշների և կլինիկական վիճակի:
PCR-թեստավորումը կշարունակվի միայն ռազմավարական հաստատություններում, սակայն այն կկիրառվի ըստ անհրաժեշտության։
Մինչ այս թեստավորման համար քաղաքացիները պետք է դիմեին պետական ծրագրին մասնակցող բուժհաստատություններ։ Այնտեղ նրանց արագ թեստն անվճար էր կատարվում։ Ինչ վերաբերում է PCR թեստերին, ապա դրանք կատարվում էին անվճար միայն ընտանեկան բժշկի համապատասխան ուղղորդման հիման վրա։
Կրթության նախարարությունից պարզաբանեցին, որ ուսուցիչները չեն վճարելու իրենց թեստի համար: Ուսուցիչների պարտադիր թեստավորման համար նույնպես վճարելու է պետությունը։