ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կրում էր ընկերական բնույթ և այնտեղ քննարկվեց երկկողմ առևտրի ծավալի աճի հարցը: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Բախտաձեն Փաշինյանին հանդիպել է ոչ ֆորմալ պայմաններում, Բոլնիս քաղաքում (Քվեմո Քարթլի շրջան), չորեքշաբթի օրը՝ հունվարի 15-ին: Դա տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի Փաշինյանին կառավարության ղեկավար նշանակելու մասին հրամանագիրը ստորագրելու անմիջապես երկրորդ օրը:
«Մենք բարեկամական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Դուք գիտեք, որ մի քանի օր առաջ խորհրդարանը նրան (Փաշինյանին) երկրորդ անգամ հաստատեց որպես վարչապետ: Սա ընկերական հանդիպում էր, որտեղ մենք քննարկեցինք տարբեր հարցեր, այդ թվում, թե ինչպես կարելի է ընդլայնել առևտուրը երկու երկրների միջև », – կառավարության նիստի մեկնարկից առաջ, ճեպազրույցի ժամանակ ասել է Բախտաձեն:
2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, Վրաստանի և Հայաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 581 մլն դոլար: Անցյալ տարվա սեպտեմբերին Բախտաձեն պաշտոնական այցով Հայաստան էր մեկնել առևտրի ծավալը մինչև 1 միլիարդ դոլար մեծացնելու առաջարկ անելու նախաձեռնությամբ:
Խոսելով Փաշինյանի հետ զրույցի մանրամասների մասին, Բախտաձեն հայտարարել է, որ հանդիպման ընթացքում չի քննարկվել վրաց-ռուսական սահմանին ապրանքաշրջանառության մոնիտորինգի վերաբերյալ համաձայնագրի գործարկման հարցը:
Այսօրվա դրությամբ, Հայաստանի և ՌԴ-ի միջև միակ ցամաքային ճանապարհը անցնում է «Լարս» վրաց-ռուսական սահմանային անցակետով: Վերին Լարսով Հայաստանից Ռուսաստան մատակարարվող ապրանքների ամենախնդրահարույց կետը բազմօրյա հերթերն են՝ վատ եղանակի հետևանքով:
«Սա 2011 թ. կնքված պայմանագրի տեխնիկական իրականացումն է, եթե ճիշտ եմ հիշում: Հետևաբար, աշխատանքը շարունակվում է սովորական ռեժիմով: Ինչպես գիտեք, այս ուղղությամբ շատ հարցեր կան, որոնք անհրաժեշտ է կարգավորել: Պարբերաբար հասարակությանը տեղեկատվություն է տրամադրվում այդ մասին: Մեր հանդիպումը, անշուշտ, կապված չէր այդ հարցի հետ », – եզրափակեց Վրաստանի կառավարության ղեկավարը:
Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիտորինգի մեխանիզմների վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ Վրաստանի երրորդ նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին հանեց 2011 թ-ին ՌԴ-ն ԱՀԿ-ին անդամակցելու վետոն, բայց միայն այն պայմանով, որ Աբխազիայի և Ցխինվալի շրջանի տարածքում, միջանցքներով անցնող բեռների նշագրմամբ և վերահսկմամբ զբաղվեն միջազգային միջնորդները:
Համաձայնագրի պայմանների համաձայն, Ռուսաստանից արտահանվող և ներկրվող ապրանքների վերահսկմամբ և նշագրմամբ կզբաղվի շվեյցարական SGS ընկերությունը:
Ընկերությունը պարտավոր է վերահսկել բեռների հոսքը ռուս-վրացական սահմանին, այդ թվում, պաշտոնական Թբիլիսիի կողմից չվերահսկվող ռուս վրացական սահմանի հատվածը, որն անցնում է Փսոու գետով (Աբխազիայի վարչական սահմանին) և Ռոկիի թունելով (Հարավային Օսիայի վարչական սահմանին):
Նյութը՝ Նորություններ Վրաստան -ից