Այսօր՝ մարտի 2-ին, Ախալքալաքի կենտրոնական հրապարակում՝ Մշակույթի տան մոտ, անցկացվել է Ուկրաինայի հետ համերաշխության խաղաղ ցույց։ Հավաքված ակտիվիստները պահանջում էին դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում՝ վանկարկելով «Ո՛չ պատերազմին»:

ukraina_cuyc

«Ակտիվ քաղաքացիները, նրանք, ովքեր սրտացավ են, հավաքվել են այստեղ՝ համերաշխություն հայտնելու Ուկրաինային։ Մենք ցանկանում ենք, որ այս պատերազմը դադարեցվի Ռուսաստանի կողմից: Սա համերաշխության խաղաղ ակցիա է»,- մեկնաբանեց ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Թեոնա Զուրաբաշվիլին։

Ախալքալաքի Մշակույթի տան մոտ հավաքվել էին երիտասարդներ՝ քաղաքից և տարբեր գյուղերից։ Ակցիան կազմակերպվել էր ակտիվ երիտասարդության ներկայացուցիչների մասնավոր նախաձեռնությամբ։

ukraina_cuyc7

Ակցիան տևեց մոտ մեկ ժամ։ Հավաքվել էր շուրջ 30-40 մարդ։ Մասնակիցներն իրենց այտերը ներկել էին Ուկրաինայի և Վրաստանի դրոշների գույներով։ Նրանց ձեռքին նաև կային Ուկրաինայի, Վրաստանի, Եվրամիության դրոշները և «Ո՛չ պատերազմին» կոչով պաստառներ։

ukraina_cuyc4

«Մենք դեմ ենք պատերազմին և ցանկանում ենք, որ այն հնարավորինս շուտ դադարեցվի Ուկրաինայի տարածքում, քանի որ այս ամենից տուժում է խաղաղ բնակչությունը։ Ամենավատն այն է, որ պարզ չէ, թե երբ կավարտվեն այս ռազմական գործողությունները, քանի որ կա սննդի, բժշկական պարագաների և այլնի պակաս։ Իհարկե, մենք մշտական կապի մեջ ենք սոցիալական հարթակի հետ և պատրաստ ենք օգնել պատերազմի մեջ գտնվող մարդկանց։ Եվ ինչու ենք մենք աջակցություն հայտնում Ուկրաինային, քանի որ ներկայումս այնտեղ ռազմական գործողություններ են ընթանում, որոնց պատճառով մահանում են երեխաներ, կանայք, տարեց մարդիկ և ընդհանուր առմամբ խաղաղ բնակչությունը»,- ասաց «Մուրջի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, ակցիայի մասնակից՝ Գիորգի Մետրևելին։

ukraina_cuyc3

«Այսօր Ախալքալաքում տեղի ունեցած ակցիան նվիրված է նրան, որ պատերազմ չլինի, դադարեցվի այս արյունահեղությունը։ Մենք ուզում ենք, որ նրանք նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- մեկնաբանեց մասնակիցներից ևս մեկը՝ «Ախալքալաքի բիզնես կենտրոն» կազմակերպության տնօրեն Մախարե Մացուկատովը։

ukraina_cuyc5