Հունվարի 27-ից 28-ը Ջավախքում տեղի է ունեցել 3 ինքնասպանություն, նման արարքների պատճառները պարզ չեն, Ջավախքում մասնագիտական օգնության սպասել ոչ մի տեղից պետք չէ, մնում է միայն հարազատների աջակցությունը:
Ջավախքում ինքնասպանությունների շղթան սկսվեց երեկ՝ հունվարի 27-ին, առավոտյան ժամը 10-ին Ախալքալաքի բնակիչը իրեն կամրջից ցած նետեց: Նրան ծանոթ մարդիկ ասում են, որ նա երկար ժամանակ ընկճված հոգեվիճակում է եղել, չնայած, որ նա մասնագիտացված օգնություն է ստանալիս եղել խոշոր քաղաքներում: Հունվարի 27-ի կեսօրին Մաջադիա գյուղում արձանագրվեց մեկ այլ դեպք: Տղամարդը կախվել էր սեփական տանը, գյուղացիների խոսքով՝ ինքնասպանության որևէ ակնհայտ դրդապատճառ նա չի ունեցել:
Ջավախքի բնակիչներին չհասցրեցին դուրս գալ երեկվա ցնցումից, երբ արդեն այսօր իմացան Նինոծմինդայից 40-ամյա մի տղամարդու ինքնասպան լինելու մասին, նա կախաղան էր բարցրացել սեփական տանը՝ խորդանոցում: Բնակիչները գուշակում են, թե ինչու այսքան ինքնասպանության դեպքեր տեղի ունեցան այս երկու օրվա ընթացքում:
Գուշակություններ անելը և հնարավոր տարբեր վարկածներ գտնելը հեշտ է, սակայն, մի բան պարզ է, որ Ջավախքում հոգեբանի պրոֆեսիոնալ օգնություն ցուցաբերող չկա: Որակավորված հոգեբաններ չկան, և առհասարակ, այստեղ կարծում են, որ հոգեբանի դիմում են միայն հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ, իսկ դա հղի է բամբասանքներով և հասարակության մեջ բացասական վերաբերմունքի ձևավորմամբ:
Ջավախքում ինքնասպանությունն առավել բնորոշ է տղամարդկանց համար, ամենօրյա սթրեսն ու հոգսերն իրենց գործն անում են:
Մասնագիտությամբ հոգեբան Զարինե Զադոյանը հաստատում է, որ ինքնասպանության դեպքերը միշտ էլ եղել են և բավականին մեծ թվով:
«Այնուամենայնիվ, զարմանալի է իրոք, որ Ջավախքում երկու օրվա ընթացքում միանգամից մի քանի դեպք է տեղի ունեցել: Պատճառը շատ դժվար է գտնել: Միայն հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ չեն, որ փորձում են ինքնասպան լինել: Նման փորձեր անում են հոգեբանորեն առողջ մարդիկ: Այնուամենայնիվ, հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց ինքնասպանության փորձերը կարող են կապված լինել սեզոնային սրվածության հետ: Առողջ մարդկանց մոտ այդպես չէ: Հիմա գլխավոր պատճառը դեպրեսիան է, ընկճված մարդիկ են ինքնասպան լինում», – ասում է նա:
Ինքնասպանության հազվադեպ են դիմում, և ավելի հաճախ խնդիրներ ունեցող մարդիկ ինքնասպանություն գործելու մտադրությունը թաքցնում են: Այնուամենայնիվ, ըստ հոգեբանի, բարեկամների ու հարազատների հոգատարությունը, նրանց ուշադրությունը կարող է փրկել մարդու կյանքը:
«Որոշ դեպքերում դա պարզապես փորձ է լինում, նրանք հիստերիկ ձևով փորձ են կատարում, ի ցույց բոլորի, բայց մինչև վերջ չեն գնում: Նրանք պարզապես ուզում են ուշադրություն գրավել, աջակցություն ստանալ, գուցե և սեր, քանի որ դա իրենց անհրաժեշտ է: Թեև, դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ ավարտին են հասցնում իրենց մտադրությունը:
Դեպրեսիայով տառապող մարդիկ չեն ուզում ցույց տալ, որ իրենց հետ ինչ-որ բան այն չէ, որ իրենք որոշում են կայացրել ինքնասպանություն գործել, նրանք ավելի լուռ են և խորասուզված իրենց մտքերի մեջ: Եթե մերձավոր մարդիկ ուշադիր լինեն, կկարողանան հասկանալ, քանի որ այս մարդիկ փոխում են իրենց վարքագիծը, նրանք ավելի նյարդային են դառնում: Այս դեպքերում, Ախալքալաքի պայմաններում, ամենակարևորը կանխարգելումն է: Նման մարդկանց կօգնի միայն իրենց հարազատների աջակցությունը: Քանի որ մենք հոգեբանական օգնության կենտրոններ չունենք, նման իրավիճակներում այդպիսի մարդիկ այլ տեղից որևէ օգնություն ակնկալելու հնարավորություն չունեն», – ասում է Զարինե Զադոյանը:
Համավարակի պայմաններում, հիվանդ շատ մարդկանց կյանքեր կախված են թելից, բժիշկներն ու նրանց հարազատները պայքարում են նրանց կյանքի համար, իսկ որոշ մարդիկ էլ չեն խնայում իրենց կյանքը և չեն կարողանում հաղթահարել այդ դժվարին, անելանելի թվացող ճգնաժամային պահը: