Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղում խնդիրները տարաբնույթ են՝ ճանապարհների անբարեկարգ վիճակից մինչև նախակրթարանի բացակայություն: Ինչպես բնակիչներն են նշում, իրենց գյուղի խնդիրներն ինքնուրույն են լուծում՝ ռուսաստանաբնակ և գյուղաբնակ կորխցիների միջոցներով:
Կորխցիները իրենք են լուծել և շարունակում են լուծել իրենց գյուղի մի շարք խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ՝ փողոցային լուսավորությունը, գյուղի գազաֆիկացումը, հիմա սկսել են գյուղում մանկապարտեզի համար շենք կառուցել, որը դեռ կիսատ է։
Գյուղացիները նշելով իրենց կատարած աշխատանքը, ասում են՝ այն միակ բանը, որը պետությունն է արել Կորխի համար, դա աղբամաններ տեղադրելն է եղել։ Հիմա նրանց միակ ցանկությունը գյուղի ճանապարհների ասֆալտապատումն է:
«Մյուս գյուղերում արդեն երեք անգամ ասֆալտապատել են ճանապարհնեերը, իսկ մեր գյուղի մասին չեն էլ մտածում։ Կորխում ներկա դրությամբ առաջնային խնդիրը դա է, չնայած այն հանգամանքին, որ խնդիրների շարքը կարելի է երկար թվարկել», – ասում են Կորխի բնակիչները։
Այստեղ խմելու ջրի խնդիր նույնպես կա, ջրագիծը երկու գյուղի համար է նախատեսված, որը չի բավականացնում բոլորին, չունեն նաև ոռոգման ջուր։
«Գյուղում ամեն ինչ մեր ուժերով ենք կատարել, փողոցային լուսավորությունը ևս մենք ենք անցկացրել։ Մեր բարերարները մանկապարտեզ սկսեցին կառուցել, հիմա դեռ կիսատ է։ Մյուս գյուղերին մեծ ուշադրություն են դարձնում, իսկ մեր գյուղի համար ոչինչ չեն անում», – ասում են նրանք:
Խոսեցինք գյուղի մասնագետ Գառնիկ Ղանդիլյանի հետ, տեղեկանալու համար, կա արդյո՞ք այս տարի ճանապարհների ասֆալտապատման նախագիծ, նա ասաց՝
«Ես խոսեցի պարոն Մակարյանի հետ, նա ասաց, որ կան այնպիսի գյուղեր, որտեղ ավելի շատ կարիք կա ասֆալտապատման, այդ իսկ պատճառով այս տարի մեր գյուղում ասֆալտապատման նախագիծ չկա», – ասում է գյուղի մասնագետը։
Չնայած, որ գյուղացիներն ասում են, որ ամեն ինչ իրենք են անում իրենց գյուղում, սակայն հարկ է նշել, որ պետական ծրագրով նույնպես գյուղում տարբեր աշխատանքներ են կատարվել: Օրինակ՝ անցած տարի գյուղական ծրագրով փոխել են խմելու ջրի խողովակները, իսկ այս տարի ծրագրում են մանկական խաղահրապարկ կամ բուժկետ կառուցել:
Գայանե Ակոջյան