Զակ գյուղում «թընդիր դնող» կամ թոնրագործ Աղաբալյաններին բոլորն են ճանաչում: Տիկին Գոհարը եզակի կանանցից է, ով Ջավախքում թոնիր է սարքում: Նա այս արհեստի հմտություններն ու գաղտնիքները սովորել է սկեսրուրից:

Չնայած հիմա ոչ բոլորն են թոնիրով հաց թխում, բայց Գոհարը վստահ է, որ իր գործն անհրաժեշտ է, և մարդիկ հասկանում են թոնիր ունենալու կարևորությունը և թոնրի հացի համը:

Տիկին Գոհարի կյանքը փոխվեց, երբ հարս եկավ Զակ գյուղում հայտնի արհեստագործ Աղաբալյանների ընտանիքում: Նա սկսեց հետաքրքրվել թոնրագործությամբ: Եվ ամեն անգամ, երբ սկեսուրը «թընդիր էր դնում» կամ կավով ինչ-որ բան էր պատրաստում, նա ուշադիր հետևում էր, որպեսզի ինքն էլ կարողանա պատրաստել: Դեռևս 1990-ական թվականներից նա թոնիր է պատրաստում, սկզբից սկեսուրին էր օգնում, հետո արդեն՝ ինքնուրույն:

dni

Այսօր տիկին Գոհարը հպարտությամբ ու արդարացված վստահությամբ է նշում. «Իմ դրած թոնիրները 30 տարուց ավելի դիմանում են: Ախալքալաքի շրջանում չկա մի գյուղ, որտեղ իմ սարքած թոնիրներից տարած չլինեն: Նույնիսկ Ռուսաստան, Գյումրի ու Ասպինձա եմ ուղարկել: Հիմա թոնիր սարքող չկա, նախկինում մեր գյուղում 8-10 «թընդիր դնող» է եղել, այսօր մենակ ես եմ: Մեկը ծերացել է, մյուսը հավես չունի, երրորդը արտագաղթել է…»:

Ջավախքում հիմնականում թոնրագործությամբ զբաղվել են կանայք: Նրանք միշտ թոնիր սկսել են «դնել» մայիս ամսից: Թոնրագործ Գոհարը պատմում է, իրենից 3-4 օր է պահանջվում մեկ թոնիր սարքելու համար: Նրա սարքած թոնիրները 300 կիլոգրամից ավելի են կշռում:

«Ամուսինս կոխում է (հեղ. տրորում է) ավազն ու կավը, իսկ ես սարքում եմ: Ամբողջ աշխատանքը ձեռքով եմ անում, 4 օրվա մեջ ոտքի հանում թոնիրը: Մեկ-մեկ գալիս հարցնում են, մորքուր ջան ինչքան ես ցեմենտ տվել, ասում եմ՝ միթե չգիտեք, որ թոնիրը ցեմենտով չեն պատրաստում: Ճիշտ է, քչերն են հիմա թոնիրով հաց թխում, բայց այս արհեստը չի վերանա, քանի մարդը կա»,- ավելացնում է Գոհար Աղաբալյանը:

Նա արդեն չի հիշում, և նշում է՝ կոնկրետ թիվ չեմ կարող ասել, երևի մի 200-ից ավելի թոնիր պատրաստած կլինեմ: Վերջին անգամ թոնրագործը աշնանն է երկու թոնիր վաճառել ու տան համար անհրաժեշտ իրեր գնել:

Մեր հարցին, թե ինչպես է կարողանում վաճառել թոնիրները, նա ասաց. «Ով որ ուզում է, հաստատ գտնում է»:

tndir Zak

Թոնրի պատրաստման հիմնական հումքը կավն է ու ավազը: Լավ թոնիր սարքելու համար պետք է իմանաս ինչ հարաբերակցությամբ իրար խառնել կավն ու ավազը:

«Սա նուրբ գործ է, ամեն մարդու բան չէ: Պետք է կավն ու ավազն այնքան տրորես մինչև դառնա միասեռ մասսա, ոչ մի գնդիկ չլինի, որ հանկարծ չճաքի, թե չէ այդքան աշխատանքը ջուրն է լցվում»,- ասում է Գոհարը:

Յոթ անդամից բաղկացած Աղաբալյանների ընտանիքում յուրաքանչյուրն իր գործն ունի, սակայն, երբ տիկին Գոհարը սկսում է կավի հետ աշխատել, բոլորը հետաքրքրությամբ և օգնելու պատրաստակամությամբ են հետևում նրա աշխատանքին:

Տիկին Գոհարը չի տրտնջում իր աշխատանքի դժվարություններից, վստահեցնում է՝ կարևորը ձգտումն ու հավատն է արած գործի նկատմամբ:

Աղունիկ Այվազյան