Ախալքալաքի մունիցիպալիտետի Պտենա գյուղը չունի՝ գազ, նորմալ ճանապարհներ, մանկապարտեզ, և ամենակարևորը՝ դպրոց:
Պտենայում եղանակի բարելավման հետ մեկտեղ բնակիչներն սկսել են վերանորոգել իրենց տրակտորները և այլ տեխնիկան: Այստեղ արդեն սկսում են պատրաստվել վար ու ցանքին: Գյուղում ապրում է շուրջ 70 ընտանիք: Եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է: Ոմանք գնում են Թուրքիա՝ արտագնա աշխատանքի և այնտեղ կատարում են տարբեր աշխատանքներ:
Գյուղը ծերանում է, քանի որ երիտասարդները հակված են լքել այն:
«Բոլորը հեռանում են գյուղից, երիտասարդները նախընտրում են ապրել քաղաքներում, քանի որ այստեղ ոչինչ չկա, նույնիսկ դպրոց չկա, որ երեխաները ուսում ստանան: Մեր երեխաները գնում են Հոկամի դպրոց, դա շատ դժվար է նրանց համար», – ասում է Մադոննա Մախարաձեն:
Գյուղացիներն արդեն 4 տարի է սպասում են նոր դպրոցի կառուցմանը:
«Մեզ համար ամենակարևոր խնդիրը դպրոցն է, մնացածի վրա դեռ կարող ենք աչք փակել», – ասում է Դոդո Շավոձեն:
Գյուղում շատերը ցանկանում են շարունակել իրենց ուսումնառությունը բուհերում, բայց ֆինանսական հնարավորությունների պատճառով, ոչ բոլորն են կարողանում իրենց թույլ տալ: Այժմ Պտենայից Թբիլիսիում և Բաթումում սովորում է 7 ուսանող:
«Գյուղում մանկապարտեզ չկա, դպրոց չկա, բայց պետությունը մեզ համար կառուցել է այս տնակը, ինչ է սա, ինչի համար է դա մեզ պետք: Ավելի լավ չէր լինի ընդհանրապես չկառուցեին, դա նման է խաղատան, այնտեղ տղաները խաղաթղթերով են խաղում ու խմում, հետո կռիվ է տեղի ունենում», – դժգոհում են բնակիչները:
Երիտասարդները ցանկանում են զբաղվել սպորտով, բայց գյուղում մարզասրահ չկա:
Բրատիսլավ Իգիթխանյան