Երեկ՝ փետրվարի 27-ին, Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում անցկացվեց «ՄԱՅՐԵՆԻՆ ՍՐԲՈՒԹՅԱՆ ՍՐԲՈՑ» խորագրով կլոր սեղան-բանավեճ՝ նվիրված Մայրենիի միջազգային օրվան։ Այս մասին հայտնում Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի ֆեյսբուքյան էջը:
Բանավեճին մասնակցում էին Ախալքալաքի և Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնների հայոց պատմության խմբակների երկու տասնյակի հասնող սաներ, որոնցից շատերը նաև Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական ու պատանեկան միության անդամներ էին։ Բանավեճին ներկայացված հարցերը վերաբերում էին հայոց գրերի գյուտին, մայրենին՝ ինքնաճանաչման, ինքնահաստատման գործոնին, մայրենին անաղարտ պահելուն և խորագրին համահունչ այլ հարցեր։
Միջոցառումն մեկնարկել է Ախալքալաքի ԵԿ-ի երգարվեստի խմբակի սաների Մայրենիին ձոնված երգի կատարմամբ, որին հաջորդել էԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանի ողջույնի խոսքը։ Նա ներկայացրել է Մայրենիի միջազգային օրվա խորհուրդը, կազմակերպված բանավեճի նպատակը՝ ԵԿ-ների սաներին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում մայրենի լեզվի, գրականության, հայոց պատմության խորը ուսումնասիրման դերի բարձրացմանը, նրանց գիտելիքների ստուգմանը, աշխարհընկալմանը, բանավոր խոսքի զարգացմանը։
Բանավեճն անցել է ակտիվ, թեժ ու իրար հակազդող մտքերի փոխանակմամբ։ ԵԿ-ների սաների հետ բանավեճին մասնակցում էին նաև Ախալքալաքի տարբեր դպրոցներից հրավիրված մանկավարժներ, ծնողներ, Ջավախքի պատանեկան միության պատասխանատու Արթուր Գաբրիելյանը, ԵԿ-ների ուսուցիչներ։
ԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը իր եզրափակիչ ելույթում հայտնել է իր գոհունակությունը բանավեճի ընթացքին, որը ծառայելով իր նպատակին տվել է իր ցանկալի արդյունքը: