Տնտեսապես ռուսական ռուբլուց կախված Ջավախքը մեկ տարուց ավելի է ինչ անկայուն վիճակում է։ Խոպանչիները մարդիկ են, ովքեր գնում են Ռուսաստան՝ գումար աշխատելու, իրենց վաստակած գումարը ռուբլով ուղարկում են իրենց ընտանիքներին, վերջիններս էլ, իրենց հերթին, չեն շտապում ստացած ռուբլին փոխանակել լարիով՝ ծայրահեղ անշահավետ փոխարժեքի պատճառով։

Ջավախքի աշխատունակ արական սեռի բնակչության մոտ 60-70%-ը տարվա ընթացքում մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Տղամարդիկ տարեկան 8-9 ամիս անցկացնում են արտերկրում՝ վաստակած գումարն ուղարկելով իրենց ընտանիքներին։ Սակայն Ուկրաինայում պատերազմն սկսվելուն պես, խոպանչիների բնականոն ապրելակերպը փոխվեց։ 1000 ռուբլու դիմաց սովոր 40 և ավելի լարիի փոխարեն 1000 ռուբլու դիմաց փոխարժեքն արդեն մինչև 27-28 լարի է և այն այս մակարդակում է մնում գրեթե մեկ տարի։ 2024 թվականի հունվարի 22-ի դրությամբ Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում փոխարժեքը 1000 ռուբլու դիմաց 27,5 լարի է։

2023 թվականի նոյեմբերին՝ այն սեզոնին, երբ շատ խոպանչիներ աշխատանքից տուն են վերադառնում, գրել էինք, որ ախալքալաքի բնակիչները, անբարենպաստ փոխարժեքի պատճառով, իրենց վաստակած ռուբլին կողքի են դրել ու սկսել լարիով վարկեր վերցնել իրենց ընտանիքներին կերակրելու համար` հույս ունենալով, որ փոխարժեքը մի օր կվերադառնա իր «նորմալ» նշաձողին: Սակայն որոշ բնակիչներ, չնայած փոխարժեքին, ստիպված են լինում փոխանակել ռուբլին՝ այլ ելք չունենալու պատճառով։

Ախալքալաքի շրջանի գյուղերից մեկի բնակիչ Սամվելը նոյեմբերի վերջին վերադարձել է արտագնա աշխատանքից և շուտով նորից մեկնելու է։ Նա գնացել էր խոպան՝ վարկը մարելու համար, և այդ պատճառով միշտ ստիպված էր իր վաստակած ամբողջ ռուբլին փոխանակել լարիով, չնայած փոխարժեքին։

«Երբ ես եկա, այն ինչ բերել էի, նույնպես փոխանակեցինք, քանի որ անհրաժեշտ էր, գումար էր պետք, չնայած փոխարժեքին: Սա միակ ելքն է, մենք վարկ ունենք, պետք է փակենք: Հետևաբար, ես շուտով նորից գնալու եմ»,- մեկնաբանում է նա։

Սամվելի ծանոթներից միայն մի քանիսն են պահել ռուբլին՝ դա նրանք են, ովքեր դեռ լարի ունեն, բայց, ինչպես ինքն է ասում, «ի վերջո, երբ փողը վերջանա, նրանք էլ կփոխանակեն»։

«Տանը երկու թոշակառու ունենք, իսկ կինս աշխատում է մանկապարտեզում, կես ամիս այս եկամուտով ենք ապրում, իսկ ամսվա մյուս կեսը ստիպված ռուբլին ենք փոխանակում: Ամենածայրահեղ դեպքերում ստիպված փոխանակում ենք»,- մեկնաբանում է Ախալքալաքի բնակիչ Արտակը, ով հաճախ է մեկնում արտագնա աշխատանքների:

Քաղաքագետ-տնտեսագետ, GSAC-ի փորձագետ Վալերի Ճեճելաշվիլիի կարծիքով՝ իմաստ չունի ակնկալել ռուսական տնտեսության աճ, և, մասնավորապես, ռուբլու փոխարժեքի նորմալացում։

«Ռուսական տնտեսությունն այժմ շատ բարդ վիճակում է, քանի որ նրա վրա մեծ բեռ են Ուկրաինայի դեմ պատերազմի հետ կապված ծախսերը: Գնաճը թափ է առնում, քանի որ մեծ գումարներ են ներդրվում ռազմարդյունաբերական համալիրում: Ռուսաստանի բանկը փորձում է ճնշել գնաճը, ուստի և նա բարձրացնում է վճռական տոկոսադրույքը, այսօր այն 16% է, և ասում են, որ այն կբարձրանա մինչև 20%: Համեմատության համար՝ Վրաստանում այն կազմում է 10%, ԱՄՆ-ում՝ 4,5%, իսկ ԵՄ-ում՝ 5,5%»։

Նրա խոսքով, այն, ինչ այսօր ցուցադրվում է որպես ռուսական տնտեսության աճ, պայմանավորված է միայն ռազմարդյունաբերական համալիրով, մինչդեռ քաղաքացիական արդյունաբերություններում արտադրության անկում է նկատվում։

«Սրանից ելնելով, ԿԲ-ը շատ խիստ միջոցներ է ձեռնարկում, այն աստիճան, որ արտահանմանն ուղղված լուրջ ընկերությունները ներմուծում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են արժութային կոմիսարները: Նրանք վերահսկում են, թե որքան եկամուտ է ստանում ընկերությունը, և ստիպում են այդ արտարժութային ծախսերը ներդնել երկրում և վաճառել: Բացի այդ, խիստ կարգավորում է առաջանում այն պատճառով, որ ԿԲ-ն իր հայեցողությամբ ինչ-որ մեկին թույլ է տալիս մուտք գործել արտարժույթի շուկա, իսկ ինչ-որ մեկին վտարում է»,- մեկնաբանում է փորձագետը։

Այսպիսով, ինչպես նշում է Ճեճելաշվիլին, ռուբլին դադարում է լինել ազատ, փոխարկելի արժույթ։ Դրա ընթացքը ձևավորվում է ավելի շատ վարչական, քան շուկայական հիմունքներով։ Միաժամանակ փորձագետը հավելում է, որ փոխարժեքը կպահպանվի ներկայիս մակարդակում մինչև ՌԴ նախագահական ընտրությունները, որոնք տեղի կունենան այս տարվա մարտի 17-ին, որից հետո պետք է ռուբլու փոխարժեքի փլուզում ակնկալել։

«Ընտրություններից առաջ ամեն ինչ արվելու է ադմինիստրատիվ՝ ռուբլու անկումը զսպելու համար, քանի որ սա քարոզչություն է, «մեզ մոտ ամեն ինչ լավ է, կայուն, տնտեսությունը կանգ է առել», սա անհրաժեշտ է Պուտինի վերընտրության հռետորաբանության համար, իսկ երբ ընտրությունները լինեն մարտի 17-ին, բյուջեի դեֆիցիտը փակելու համար, ռուբլին կթողարկվի, և ընտրություններից հետո մոտ երեք ամսվա ընթացքում այն անխուսափելիորեն կկազմի 180-200 ռուբլի մեկ դոլարի դիմաց, իսկ դա կլինի ամառվան մոտ»,- մեկնաբանում է Վալերի Ճեճելաշվիլին։

Փորձագետի կարծիքով՝ այն փլուզումը, որը տեղի կունենա ընտրություններից հետո, կախված է 2 գործոնից՝ գնաճից և ՌԴ բյուջեի դեֆիցիտը լրացնելու անհրաժեշտությունից։

«Անցյալ տարի Ռուսաստանի նավթի և գազի եկամուտները նվազել են 22 տոկոսով, իսկ այս տարվա բյուջեն ներառում է 22 տոկոս աճ, այս 40 տոկոս ճեղքվածքը ոչ մի կերպ չի կարող լինել փակ, միայն եթե ռուբլու դեվալվացիայի միջոցով»:

Չնայած այն հանգամանքին, որ ռուբլու փլուզումը ձեռնտու կլինի բյուջեին և կփակի դեֆիցիտը, դա կնշանակի բնակչության աղքատացում՝ թանկացումներ, գնողունակության նվազում, եկամուտների նվազում և այլն, կարծում է փորձագետը։

«Բնականաբար, մնացած բոլոր արժույթները նույնպես կնվազեն, ռուբլու նկատմամբ լարիի փոխարժեքը կձևավորվի դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի միջոցով, եթե ռուբլին իջնի դոլարի նկատմամբ, ապա այն կնվազի նաև լարիի նկատմամբ։ Հետևաբար, մենք կարող ենք ակնկալել կրկնակի անկում»,- եզրափակում է Ճեճելաշվիլին։

Եթե բուն Ռուսաստանում ռուբլին չի փոխարկվում, և հասարակ բնակչության հիմնական մտահոգությունը միայն ապրանքների թանկացումն է, ապա Ջավախքի խոպանչիների համար արդեն մեկ տարի հիմնական խնդիրը մնում է լարիի փոխարժեքը ռուբլու նկատմամբ։