Չկան փողոցներ, որտեղ չլինեն լքված տներ՝ հսկայական երկաթե կողպեքներով: Սեփականատերերը հեռացել են՝ թողնելով ամեն ինչ այնպես, կարծես պատրաստվում են վերադառնալ՝ փոքրիկ փայտե մահճակալներով, մինիմալիստական սովետական կահույքով, որի վրա տարիների ընթացքում հաստ շերտով փոշի է նստել, պատերին գորգեր են, իսկ խոհանոցում՝ խոհանոցային պարագաներ: Այս իրերը դեռ սպասում են իրենց տերերին, իսկ տանտերերը չեն վաճառում իրենց տներն այն հույսով, որ օրերից մի օր նրանք կվերադառնան, եթե ոչ ընդմիշտ, ապա գոնե ամռանը:

Ըստ Վրաստանի վիճակագրական կենտրոնի 2014 թվականի մարդահամարի (վերջին մարդահամար) տվյալների, Վրաստանում ապրում էր 168 100 հայ, որոնք կազմում էին բնակչության 4,5%-ը: Մինչ 2014 թվականը մարդահամար է իրականացվել 2002 թվականին, այդ ժամանակ Վրաստանում ապրում էր 248 929 հայ: Բնակչության մարդահամարների միջև անցած 12 տարիների ընթացքում Վրաստանում բնակվող հայերի թիվը նվազել է 80 829-ով:

qaxak2

Աննա Ալթունյան. Ախալքալաքից Ռուսաստան, որտեղից էլ Ամերիկայի միացյալ նահանգներ

Anna Altunyan

Ընդունված է համարել, որ Ախալքալաքից մարդիկ հիմնականում արտագաղթում են նախկին Խորհրդային միության երկրներ, առավելապես Ռուսաստան: Այնուամենայնիվ, շատերը մեկնում են նաև այն վայրեր, որտեղ նրանք տեղափոխվել են վերակառուցման շրջանում և Խորհրդային Միության փլուզումից հետո:

«Ախալքալաքից ես անմիջապես չեմ մեկնել Նյու-Յորք: Ես սկզբից մեկնեցի Ռուսաստան: Շատ դժվար էր կյանքի նոր փուլ սկսել, քանի որ այնտեղ ամեն ինչ խորթ է, այնտեղ ամեն ինչ այլ է: Մտածելակերպն է ուրիշ: Միակ բանը, որ փրկեց, դա ռուսական դպրոցն էր, ռուսական կրթությունը, և չնայած այն հանգամանքին, որ Ախալքալաքը շատ փոքր քաղաք է, մեր դպրոցը, կարծում եմ, լավագույններից մեկն է: Մեր ուսուցիչների տված գիտելիքների շնորհիվ ես սովորական աշխատավոր ընտանիքի զավակս, առանց որևէ արտոնությունների, ընդունվեցի համալսարան: Ուսման առումով ինձ համար այդքան դժվար չէր, որքան հարմարվելը Ռուսաստանի կյանքին»:

Ռուսաստանում Աննան երկու բարձրագույն կրթություն է ստացավ և սկսեց դասավանդել համալսարանում:

«Ես Ռուսաստանում կայացա, և ինձ թվում էր, որ ինձ ավելին պետք չէր, քանի որ ես մեկնել էի 1992 թ.-ին՝ Գամսախուրդիայի օրոք, երբ լույս, գազ և հաց չկար: Չնայած մեր ընտանիքը վատ չէր ապրում, մենք միշտ գազ ու հաց ունեինք, բայց, ահա, լույսի պակաս, ջեռուցման պակաս կար դպրոցում և այլուր…»:

Այնուամենայնիվ, արտասահմանում ստաժավորում անցնող ուսանողների հետ շփումը «վարակեց» հեռանալու ցանկությամբ: Եվ մի ամառ Աննան ու նրա եղբայրը աշխատանքային վիզայով տեղափոխվեցին ԱՄՆ:

Այդ ժամանակ անգլերենի ուսուցչուհուն և երկրորդ մասնագիտության իրավաբան Աննային առաջարկեցին գրասենյակային աշխատանք, բայց ինչպես հետո պարզվեց, դա խաբեություն էր: Նա ստիպված էր զգալ, թե ինչպիսին է կյանքը արտագաղթյալի համար Միացյալ Նահանգներում:

«Մենք պայմանագիր ստորագրեցինք և եկանք այստեղ, և ինչպես պարզվեց, ամեն ինչ չէր, որ համապատասխանում էր ճշմարտությանը: Գրասենյակային աշխատանքը, որը մեզ առաջարկեցին ժամանելուն պես, պարզապես հյուրանոցային աշխատանք էր: Եղբորս խոստացան այլ աշխատանք՝ ռեստորանային տիպի աղցանային բարում, քանի որ նրա անգլերենն այնքան էլ լավ չէր, և նրան նույնպես կողմնակի աշխատանք հանձնարարեցին, այսինքն՝ աման լվանալ: Այս ամենից ինձ դուր էր գալիս միայն այն, որ մենք տեղափոխվել ենք Ֆլորիդա, որտեղ ես իսկապես ուզում էի ընկնել: Եվ մինչ մենք կապվում էինք մեզ այստեղ ուղարկած ընկերության հետ, մենք որոշեցինք, որ գումարը ստանալուց հետո հետ կվերադառնանք, բայց դա այդքան էլ հեշտ չէր: Մոսկվայում այդ ընկերությունը փակվել էր, իսկ եթե հակիրճ՝ մեզ գումարը չվերադարձրեցին»:

Սկզբում գումար ստանալու համար Աննան և նրա եղբայրը ստիպված էին համաձայնվել ցանկացած աշխատանքի:

«Իրականում ամեն ինչ բարդ էր, քանի որ մենք այլ մթնոլորտում էինք հայտնվել: Նորից նոր մարդիկ, մտածելակերպ և մենք չէինք հասկանում, թե մարդիկ ինչ լավ բան են գտնում Ամերիկայում: ԱՄՆ-ում, եթե մեքենա չունես, եթե չունես քո սեփական անկյունը, դասվում ես ցածր խավի: Դուք պատկերացնում եք, ես իմ այսքան կրթությամբ, աշխատանքով և ընդգրկվում եմ ցածր խավի մեջ»:

Ասում են, որ Ամերիկան հնարավորությունների երկիր է: Մեր հերոսուհին նույնպես հնարավորություն ստացավ: Մի անգամ նրան նկատեցին ղեկավարությունից, և այդ ժամանակվանից նրա կյանքը կտրուկ փոխվեց:

«Ամերիկան կարող է և՛ հրաշալի լինել, և՛ թե` զզվելի: Ինձ ընդունեցին գրասենյակային աշխատանքի: Եվ այդ օրվանից իմ կյանքը կտրուկ փոխվեց, քանի որ երբ ես գրասենյակային աշխատանք ստացա և սկսեցի շփվել իմ կարգավիճակին համապատասխան մարդկանց հետ, ես հասկացա, որ Ամերիկան այդքան էլ վատը չէ: Եղբորս բախտն այդքան էլ չբերեց, քանի որ ինչ-որ աշխատանք գտավ, բայց նրան այդքան էլ դուր չէր գալիս այն, քանի որ լեզվի հետ կապված բարդություններ կային, և նա չէր ձգտում լեզուն սովորել, նրան ձգում էր դեպի տուն: Նրա հեռանալուց հետո ես նույնպես չէի պատրաստվում երկար մնալ, քանի որ այն ամեն դեպքում իմ տունը չէր, ես պանդխտության մեջ էի»:

Այլ երկիր տեղափոխվելիս գաղթյալը երազում է ավելի լավ կյանքի մասին, բայց միշտ չէ, որ հաշվի է առնում այն դժվարությունները, որոնց բախվում է այդ պահին օտար երկրում:

Սկզբում Աննան մի քանի անգամ Ամերիկայում տեղափոխվեց մեկ վայրից մյուսը, որոշ նահանգներում կրթությունը նրան հասանելի չէր ներգաղթյալների համար թանկ գների պատճառով, և արդեն Նյու Ջերսիում նա մասնագիտացվեց որպես իրավաբանի օգնական:

«Արդյունքում ես վերապատրաստվեցի որպես իրավաբան, ստացա դիպլոմ և այժմ դասավանդում եմ բոլոր իրավաբանական առարկաները՝ զբաղվելով նույն գործով, ինչով և Ռուսաստանում էի զբաղվում»:

Աննան կարծում է, որ ներգաղթյալների նկատմամբ վերաբերմունքը կախված է նրանից, թե դու ինչպիսի միգրանտ ես` փաստաթղթերով, թե առանց փաստաթղթի, հարկեր վճարում ես, թե՞ ոչ:

«Կան շրջաններ, որտեղ ներգաղթյալներ են ապրում, տղամարդն աշխատում է շինհրապարակում, իսկ կինը նստած է տանը և լույս աշխարհ է բերում 10 երեխա: Յուրաքանչյուր երեխայի համար նրանք ստանում են որոշակի գումար, ուստի ապրում են հանգիստ պայմաններում, այսինքն՝ նրանց շատ բան պետք չէ: Որովհետեւ պետությունը, անկախ նրանից՝ գրին-քարտ կա, թե ոչ, փող է տալիս ապրուստի համար: Ներգաղթյալներն ունեն ավելի լավ բժշկական ապահովագրություն, քան, օրինակ. ամուսինս, որն աշխատում է «Jonson&Jonson»-ում, և մենք ունենք ամենաթանկ ապահովագրությունը: Այսինքն, եթե ես դիմում եմ բժշկի, ես վճարում եմ ծառայության արժեքի 40%-ը, դե դա քիչ է: Պետությունը ներգաղթյալներին ապահովագրություն է տալիս, որում նրանց համար ամեն ինչ անվճար է: Ուստի նրանք կախված են պետությունից: Միգուցե մի քանի տարի առաջ ես դա չէի հասկանում, բայց հիմա ես գիտակցում եմ, թե ինչու նրանք չեն ցանկանում ներգաղթյալներին երկիր թողնել»:

Երկրորդ սերունդ՝ Գայանե Բիչախչյան (Ռուսաստան)

Gayane Bichaxchyan

Գայանեն ինժեներ-շինարար է: Երբ նա դեռահաս էր, Ախալքալաքից ամբողջ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան՝ Մոսկվա: Պատճառն այն էր, որ հայրը դեռ գնում էր այնտեղ սեզոնային աշխատանքի, իսկ հետո որոշեց տանել ամբողջ ընտանիքը: Այդպես են անում խոպանչիների մեծ մասը, ովքեր կայուն աշխատանք են գտել արտերկրում:

Գայանեն իր համար ինչ-որ հոգեբանական իմաստով սահմանել է ներգաղթյալի գաղափարը: Նա իր ընտանիքին համարում է տնտեսական ներգաղթյալներ:

«Երբ հայրս մեզ Ռուսաստան տարավ, ես 12 տարեկան էի: Ես դեռահաս էի, ինչը բավականին դժվար տարիք է երեխայի համար, բայց դժվարությունները տարբեր են, մի կողմից ուրախ եմ, որ արտագաղթը տեղի ունեցավ գիտակից տարիքում, քանի որ ես կարողացա ճանաչել իմ մշակույթը և հայոց լեզվի կրողն եմ: Կան շատ ներգաղթյալներ, որոնց երեխաները այստեղ են ծնվել, կամ ընդհանրապես չեն խոսում, կամ միայն հասկանում են, կամ շատ վատ են խոսում իրենց մայրենի լեզվով, իսկ գիտակից տարիքում սկսում են սովորել, նույնիսկ առանց ծնողներին տեղյակ պահելու: Մյուս կողմից, դեռահասության տարիներին կան ընկերներ, որոշ հետաքրքրություններ են սկսում ձևավորվել, և երբ մի պահ այդ ամենը մի կողմ ես գցում և տեղափոխվում, և հասկանում ես, որ պետք է ամեն ինչ նորից սկսել, սկսվում է ենթամշակույթների բախում: Դու չես հասկանում, թե ինչու է այդ մարդն այդպես անում, չէ՞ որ քո երկրում այլ կերպ է ընդունված»:

Գայանեն լեզվի իմացությունը համարում է ինտեգրման կարևոր գործոն, սովորաբար նախապես այդ մասին հոգ են տանում ծնողները:

«Երբ տեղափոխվեցինք, ես արդեն տիրապետում էի լեզվին, խոսում, հասկանում ու կարդում էի: Դա ծնողներիս աշխատանքի արգասիքն էր: Նրանք նախապատրաստել էին ինձ ու քրոջս: Սա շատ կարևոր է, քանի որ դու այլ հոգեբանական միջավայր ես մտնում, դեռևս չես հասկանում, չգիտես, թե ինչպես քեզ դրսևորել և ընդհանրապես չես հասկանում, թե ինչի մասին են խոսում շուրջդ: Դա շատ մեծ սթրես է: Այդ պատճառով, երբ ծնողներս որոշեցին, որ մենք մեկ-երկու տարի հետո տեղափոխվելու ենք, նրանք սկսեցին պատրաստել մեզ: Ես ռուսերենի դասընթացների էի հաճախում, քույրս ի սկզբանե ռուսական դպրոց գնաց: Քույրս դեռևս շատ վատ է հայերեն կարդում, ես դրա հետ կապված խնդիրներ չունեմ»:

Սովորաբար, գավառական փոքրիկ քաղաքից հետո հարմարվելը շատ ավելի բարդ է:

«Ընկերներ կային, բայց դա նույն շփումը չէր, ինչը Ախալքալաքում: Ազատություն, բարիացկամություն չկար, դու տարբերվում էիր նրանցից, նրանք քեզ այլ կերպ էին նայում: Քո մազերը սեւ են, իսկ մաշկդ՝ մուգ: Դա երևի վախեցնում էր: Բայց դպրոցում լուրջ խնդիրներ չկային: Դպրոցը տարբերվում էր Ախալքալաքի դպրոցից: Ախալքալաքը փոքր քաղաք է: Բոլորը գիտեն միմյանց, նրանք ընկերասեր են, ագրեսիվ չեն, իսկ օտար միջավայրում, հատկապես մեծ քաղաքներում, բոլոր եկվորները, ովքեր փորձում են ապրել անծանոթ քաղաքում: Եվ, բնականաբար, նրանք ագրեսիվ են տրամադրված: Սկզբում դու բուռն ես արձագանքում, ինձ համար անհասկանալի էր, թե ինչու, հայ լինելու պատճառով, ես այդպիսին չեմ, ինչու են իմ անունն աղավաղում: Սկզբնական շրջանում ինչ-որ բարդույթներ են սկսվում: Գուցե անունը փոխե՞լ՝ նրանց համար ավելի հեշտ դարձնելու համար: Նման որոշ մտքեր առաջանում են, բայց հետո ամեն ինչ անցնում է»:

Արտագաղթյալների առաջին սերնդի համար շատ ավելի դժվար է, քան երկրորդի: Իսկ երրորդ սերունդը հիմնականում ձուլվում է մեծամասնություն կազմող ազգի հետ:

«Ռուսաստանում, ինչպես մյուս երկրներում, ներգաղթյալը համարվում է, որքան էլ կոպիտ դա հնչի, երկրորդական մարդ: Քանի որ ոչ ոք քեզ լավագույն աշխատանքը չի տա, առաջին հերթին տեղի բնակիչներին են տեղավորում: Ամեն տեղ էլ այդպես է: Քանի որ նրանք տեղացիներ են: Չեմ կարծում, որ դա սխալ է: Լավագույն աշխատանքը, լավագույն պայմանները, առաջին հերթին՝ սեփական քաղաքացիների համար: Այլ հարց է, որ երբ դու ինտեգրվում ես, ապրում ես այստեղ, կրթություն ստանում, հարկեր վճարում, այդ դեպքում կարող ես, որոշ չափով, դառնալ մրցունակ»:

Ամուսնական ներգաղթ. Գայանե Պ. (Նիդեռլանդներ)

qaxak

Ախալքալաքից Գայանեն ամուսնացել և տեղափոխվել է ամուսնու մոտ Եվրոպա՝ Հոլանդիա: Չնայած նա արդեն ունի մեծ ընտանիք, այնտեղ են ծնվել նրա երեխաները, բայց նա դեռ չի կարող ընտելանալ մենակությանը: Հարազատներ ու ընկերներ քիչ կան: Ամեն տարի Գայանեն իր ամբողջ ընտանիքի հետ գալիս էր Ախալքալաք, բայց COVID-19 համավարակի պատճառով այս տարի հնարավոր չէր գալ: Նա շատ է կարոտում իր հայրենիքը և մտածում է հետ վերադառնալու մասին, բայց դա դեռ անհնար է:

«Ես 16 տարի է, ինչ Հոլանդիայում եմ: Ամուսնացել եմ այստեղ: Ամուսինս Ախալքալաքից է, բայց երկար ժամանակ ապրում է Հոլանդիայում: Հարմարվելը սարսափելի էր: Դրական բան չեմ կարող հիշել: Ամեն ինչ դժվար էր՝ մշակույթը, հայացքը կյանքի նկատմամբ, մտածելակերպը: Եվ դեռ կրկին դժվար է: Ես լեզուն սովորեցի, ֆլամանդերենը դժվար է, բայց ես հանձնեցի բոլոր քննությունները: Երբ նոր էի եկել, 6 ամիս դպրոց էի գնում: Սկզբում մենք ապրում էինք մի փոքրիկ քաղաքում, հետո տեղափոխվեցինք մեծ քաղաք՝ Բրեդա: Այստեղ միգրանտներին նորմալ են վերաբերվում: Նորմալ է, երբ արհամարհանք չես զգում, բայց նաեւ ընկերություն են զգում: Հոլանդացիները արտաքնապես ընկերասեր են, նրանք միշտ բարևում են, բայց ես այստեղ այլ շփումներ չունեմ: 16 տարի ես արդեն ընտելացել եմ դրան: Մենք երեխաներին այլ կերպ ենք սովորեցնում, նրանք՝ այլ: Ես գիտեմ շատերին, ովքեր ընտելացել են նոր մշակույթին և կյանքին, և ես կասեմ, որ դա ճիշտ է»:

Աշխատանք, ավելի լավ կյանք: Սովորաբար սրանք են դեպի արտագաղթ մղող գործոնները, և մարդիկ թողնում են ամեն ինչ և բռնում պանդխտության ճանապարհը:

«Աշխատանք կա, իսկ եթե ոչ, ապա կգտնեն այն: Դու իրավունք չունես առանց աշխատանքի մնալու: Նրանք տալիս են նվազագույն նպաստ, բայց պետք է աշխատել դրա համար: Ինչ գործ էլ ասեն, պետք է կատարես: Դու չես կարող ապրել միայն նպաստով և ոչինչ չանել: Միայն եթե հիվանդ եք կամ սահմանափակ կարողությունների տեր: Մենք նպաստով չենք ապրում, ամուսինս ինքն է աշխատում: Մեր երազանքն է վերադառնալ»:

Արտագաղթ կրթության նպատակով. Սիմոն Ղարիբյան (Գերմանիա)

Simon Garibyan

Սիմոնը թբիլիսահայ է՝ արմատներով Ախալցիխեից: Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո նա մեկնել է Ռուսաստան, որտեղ սովորել է համալսարանում: Այնուամենայնիվ, Ռուսաստանն արտագաղթի վերջնական երկիրը չէր: Այժմ նա սովորում է Գերմանիայում՝ Բեռլինում:

«Ես սովորում էի ռուսական կրթաբաժնում, մտածում էի կրթությունս շարունակել ռուսական համալսարանում: Գնացի Ռոստով, այնտեղ ընդունվեցի բուհ, սովորեցի և հետո հասկացա, որ որակավորումս և գիտելիքներս բարելավելու համար ինձ ավելին է պետք: Հետո ուզում էի շարունակել ուսումս մագիստրատուրայում: Ես գերմաներեն չգիտեի, բայց անգլերեն գիտեի, անգլերեն լեզվով ծրագրեր էի փնտրում: Գերմանիայում կան բազմաթիվ ծրագրեր՝ անգլերեն, մագիստրոսական և PhD, կամ խառը, այսինքն՝ անգլերենով և գերմաներենով: Ինտերնետում ես փնտրում էի այն առարկան, որն ինձ հետաքրքրում էր, և, ահա, ես գտա որոշակի ցուցակ»:

Փաստաթղթերը հավաքագրելուց հետո երկու ամսվա ընթացքում Սիմոնը սովորելու համար հայտ ներկայացրեց և ընդունվեց: Նա արդեն 2 տարի է, ինչ սովորում է Բեռլինում:

«Ինչով է լավ Գերմանիան, նրանով որ այստեղ կրթությունն անվճար է, նույնիսկ օտարերկրացիների համար, գումարած՝ կան բազմաթիվ կրթաթոշակային ծրագրեր: Այստեղ համալսարանն ու կրթական ծրագիրը լավ են հարմարեցված ուսանողների կարիքներին, ամեն ինչ արվում է ուսանողների համար: Կան սոցիալական արտոնություններ, ապահովագրություն, ուսանողների համար անվճար տրանսպորտ, որոշ մարզադահլիճների ծառայություններ: Դրանք սովորականից բավականին էժան են: Ընդհանուր, այստեղ ուսանողներն իրենց հիանալի են զգում, համեմատած, ասենք, Ռուսաստանի հետ: Ինչով է լավ Գերմանիան, օրինակ, որ ուսանողներն իրավունք ունեն աշխատելու: Ռուսաստանում օտարերկրյա ուսանողն իրավունք չունի աշխատելու: Կարող եք հեշտությամբ հարմարվել, հատկապես Գերմանիայում բոլոր դռները բաց են ուսանողների համար: Երբ տեղ հասա, գերմաներեն չգիտեի: Այստեղ ամեն ինչ կա նրա համար, որ հասկանաս: Ես անգլերեն գիտեի, կարելի է ասել սա է իմ շփման լեզուն այստեղ՝ Գերմանիայում»:

Սիմոնը ցանկանում է վերադառնալ Թբիլիսի, բայց գիտակցում է, որ իր համար դժվար կլինի նորից հարմարվել Վրաստանին:

«Ես նման միտք ունեմ` վերադառնալ Թբիլիսի, բայց ես հասկանում եմ, որ ես երկար ժամանակ չեմ ապրել Վրաստանում, իսկ վերադառնալը նշանակում է, որ ինձ համար Վրաստանն արդեն նման է նոր երկրի, և ես պետք է արտագաղթեմ նոր երկիր»:

Ավելի լավ կյանք փնտրելու միտումներով շատերը լքում են իրենց հայրենիքը՝ չպատկերացնելով, թե իրենց ինչ է սպասում: Մյուսներն էլ ընտրություն չունեն, նրանց համար որոշումը կայացրել է պատերազմը, էկոլոգիական աղետը, հիվանդությունը… Չնայած արտագաղթի բոլոր բացասական կողմերին, շատերը դեռ երազում են գաղթելու մասին, քանի որ լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք:

Քրիստինե Մարաբյան