Ախալքալաքում հեմոդիալիզի կենտրոնի սուր անհրաժեշտություն կա, սակայն արդեն երկար տարիներ է դրա բացման հարցը ձգձգվում է։ Ներկայիս շտապ օգնության շենքը կտրամադրվի հեմոդիալիզի կենտրոնին, բայց միայն շտապ օգնության նոր շենք կառուցելուց հետո։ Հիվանդանոցից նշում են, որ հենց տարածքը տրամադրեն՝ հեմոդիալիզի կենտրոնը կգործի, իսկ քաղաքապետարանում ասում են, որ շտապ օգնության շենքի շինարարության համար բոլոր փաստաթղթերն ուղարկել են նահանգապետարան։
Քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասում է, որ շտապ օգնության նոր շենքի շինարարության համար, այն, ինչ կախված է քաղաքապետարանից կատարված է։ Պատրաստ է բոլոր փաստաթղթերը, սպասում են ֆինանսավորման և ըստ այդմ՝ կսկսվի շինարարությունը։
«Ամբողջ պետության մասշտաբով կառուցվել են շտապ օգնության շենքեր, բացի մեր մունիցիպալիտետից, քանի որ, կորոնավարակի համաճարակից ելնելով, աշխատանքները մնացել էր կիսատ։ Մենք համապատասխան տարածքը Էկոնոմիկայի նախարարությունից առել ենք և դարձրել ենք մունիցիպալ սեփականություն, դրա հետ մեկտեղ պետք էր նաև հոսանքի, գազի և ջրի թույլտվություն, որոնք շատ կարևոր փաստաթղթեր են, որպեսզի ստանանք շինարարության թույլտվություն։ Փաստաթղթերն արդեն պատրաստ են, ուղարկել ենք նահանգապատարան, որտեղից էլ ուղարկված է համապատասխան նախարարություն»:
Քաղաքապետը նշում է՝ մոտավոր կազմել են նաև շենքի շինարարության նախագիծը, որի արժեքը 361 780 հազար լարի է կազմում։
«Հենց պատրաստ լինի նոր շենքը, շտապ օգնությունը կտեղափոխվի, իսկ հին շենքը մեզ կտրամադրեն դիալիզի կենտրոն բացելու համար»:
Քաղաքապետ Մելքոն Մակարյանը հույս ունի, որ այս տարի վերջապես Ախալքալաքում կբացվի դիալիզի կենտրոն։
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանն ասում է, որ հենց շենքն իրենց տրամադրեն, մյուս հարցերով արագ կզբաղվեն։
«Դեռ ոչ մի աշխատանք չի կատարվում, մինչև շտապ օգնության շենքի շինարարությունը չսկսվի, ոչ մի բան չի փոխվի»:
Նշենք, որ Ախալքալաքից և Նինոծմինդայից մոտ 40 մարդ, ովքեր երիկամային անբավարարություն ունեն, շաբաթական երեք օր, օրական մեկ ու կես ժամ ոլոր-մոլոր ճանապարհներով հասնում են Ախալցիխե, այնուհետև դիալիզն անցնելուց հետո հետ վերադառնում: Նրանց խնդրանք-պահանջը մեկն է՝ Ախալքալաքում բացել դիալիզի կենտրոն։