Ուկրաինայում պատերազմն ընթանում է սոցիալական ցանցերում տեսանյութերի, լուսանկարների, տեղեկատվության և ենթադրությունների տեսքով բազմաթիվ տեղեկությունների հետ զուգահեռաբար։ Հաճախ դժվար է տարբերել իրականությունը ենթադրությունից: Jnews-ը սոցիալական ցանցերի և լրատվամիջոցների միջոցով հետևել է, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։
Ռուսաստանն ընդդեմ Բրիտանիայի
Տեղեկատվական դաշտում ակտիվորեն մասնակցում է Բրիտանիան՝ հաղորդելով Ռուսաստանի կորուստների և իր պատժամիջոցների մասին։ Ռուսաստանը նույն կերպ է պատասխանում:
Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել դեպի Ռուսաստան բրիտանական ինքնաթիռների չվերթների վրա՝ ի պատասխան այն բանի, որ նախօրեին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ էր սահմանել «Աերոֆլոտ»-ի դեմ և արգելել նրա գործունեությունը երկրում։ Ռուսական սահմանափակումները ներառում են նաև «տարանցիկ թռիչքները Ռուսաստանի Դաշնության օդային տարածքով»։
Այսօր՝ փետրվարի 25-ին, Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը՝ Ուկրաինա ներխուժելուց հետո, կորցրել է ավելի քան 450 զինծառայող: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը՝ «Sky News»-ին տված հարցազրույցում։
ՌԴ ՊՆ-ը նման կորուստների մասին չի հայտնել։
Իրավիճակն Ուկրաինայում
Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Կիևի Օբոլոնի շրջանում ռուսական դիվերսիոն-հետախուզական խումբ է գործում։ Այս մասին ավելի վաղ հայտնել էին ականատեսներն ու գրել էին լրատվամիջոցները։
«Քաղաքացիներին խնդրում ենք տեղեկացնել տեխնիկայի տեղաշարժի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Խաղաղ բնակչությանը հորդորում ենք, զգույշ եղեք, տանից դուրս մի՛ եկեք»։
ՌԴ ՊՆ-ն այսօր առավոտյան հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ռուսական ռազմական դեսանտային ուժերն ամբողջական վերահսկուղություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի շրջանում գտնվող տարածքի նկատմամբ։
BBC-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ ուկրաինացի զինվորականներին հաջողվել է վնասազերծել ռուս դիվերսանտներին, որոնք, ըստ նրա, տեղաշարժվում էին ուկրաինական համազգեստով և Ուկրաինայի զինված ուժերի բռնագրաված մեքենաներով։
Ավելի վաղ Ուկրաինայի ՊՆ-ը հայտնել էր, որ բռնագրավվել են Ուկրաինայի զինված ուժերի մի քանի մեքենաներ։ Գերատեսչության փոխնախարար Աննա Մալյարը պատմել է, որ դիվերսանտները փորձել են ներխուժել Կիև, սակայն սպանվել են։
Ինչ է կատարվում Դոնբասում
ՌԴ Դաշնային Խորհուրդի փոխխոսնակ Անդրեյ Տուրչակը հայտնել է, որ ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքից տարհանման մասին հայտարարությունից հետո այնտեղից Ռուսաստան է մուտք գործել մոտ 120 հազար մարդ։ Ռուսաստանի 15 մարզերում բացվել են ժամանակավոր կացարաններ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դոնբասի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Գորլովկայի վարչակազմի ղեկավար Իվան Պրիխոդկոն հայտնել է, որ արկն ուղիղ հարվածել է դպրոցի շենքին։ Արդյունքում երկու ուսուցիչ է մահացել, մանրամասնել է նա։ Այլ աղբյուրների կողմից այս տեղեկությունը դեռ չի հաստատվել։
Ինքնահռչակ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է, որ փետրվարի 25-ի գիշերը իր ուժերը կորուստներ են կրել։ Նա չի նշել մահացածների թիվը։