Ախալքալաքում դեռևս արդիական է մնում տրանսպորտի հարցը, որի շուրջ տարաձայնությունները շարունակվում են: Որևէ համաձայնության չգալով դժգոհում են՝ թե վարորդները, թե ուղևորները:
Տարբեր գյուղերից քաղաք հասնելու համար մարդիկ միշտ չէ,որ հնարավորություն ունեն սեփական ավտոմեքենայով հասնել, այդ իսկ պատճառով շատ հաճախ կարիք է լինում օգտվել հասարակական տրանսպորտից, որը միշտ չէ որ կանոնավոր աշխատում է: Ուղևորների դժգոհություններից մեկն այն է, որ չի գործում հստակ կանոնակարգ, թե ո՞ր ժամին է վարորդը պատրաստվում գյուղից քաղաք գնալ, դեպքեր են լինում, որ անգամ ուղևորները քիչ են լինում և վարորդը որոշում չշարժվել դեպի քաղաք:
Jnews-ի հետ զրույցում Օրջա գյուղի բնակիչներից մեկը, ով հաճախ է օգտվում հասարակական տրանսպորտից, պատմում է.
«Ես հնարավորություն չունեմ անհրաժեշտության դեպքում սեփական ավտոմեքենայով հասնել քաղաք, ինձ համար ավելի հարմար է հասարակական տրանսպորտից օգտվել, քան թե ամեն անգամ ինչ-որ մեկին խնդրել գործերիս համար ինձ քաղաք հասցնել, սակայն չեմ կարող ասել, որ միշտ գնալս ստացվում է, քանի որ եղել են դեպքեր, երբ սպասել եմ տրանսպորտին, իսկ ուշանալուն պես զանգել եմ վարորդին: Եվ քանի որ այդ օրը բացի ինձանից ուրիշ ուղևոր չի եղել, վարորդը ասել է, որ չի գնում, վա վարորդին էլ չեմ մեղադրում, բայց երբ շտապ դեպք է լինում խուճապի եմ մատնվում, թե ինչպես հասնեմ քաղաք»:
Ուղևորները դժգոհում են նաև նրանից, որ տրանսպորտը վաղ առավոտյան է հասնում քաղաք և ուղևորները ստիպված են լինում սպասել այնքան, մինչև քաղաքում խանութները կամ պետական հաստատությունները բացվեն:
Jnews-ի հետ զրույցում վարորդները փաստում են՝ առավոտյան բավականին վաղ ժամի են հասնում քաղաք, բայց դա կապված է միջքաղաքային տրանսպորտի հետ, այսինքն՝ նրանք քաղաք հասնում են այնպիսի ընտրած ժամի, որ հարկ եղած դեպքում ուղևորը կարողանա ժամանակին հասնել քաղաք և այլ տրանսպորտով կարողանա շարունակել երթևեկությունը:
Դժգոհում են ոչ միայն ուղևորները, այլև վարորդները: Jnews-ի հետ զրույցում Դիլիսկա գյուղից քաղաք երթևեկող տրանսպորտի վարորդններից մեկը նշում է, որ գյուղացիները հաճախ նախընտրում են քաղաք հասնել տաքսիով և դեպքեր են լինում, երբ նշված ժամին ոչ մի ուղևոր չի լինում:
Այս հարցի շուրջ անհամաձայնությունները երկկողմանի են՝ ուղևորները բողոքում են անկանոն աշխատանքից, իսկ վարորդները դա բացատրում են ուղևորների բացակայությունով:
Լիդա Ալմասյան