Ախալքալակի բազմաբնակարան շենքերի բնակիչները դժգոհում են, որ ձմռանը և ամռանը ջուրը չի բարձրանում երրորդ և բարձր հարկեր: Ջրամատակարարման Ախալքալաքի Սպասարկման Կենտրոնը ջրի խողովակաշարերում ջրի ճնշումը բարձրացնելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացրել, սակայն դեռ չի փորձարկել:
Ձմռանը սառնամանիքների, իսկ ամռանը համատարած խմելու ջրով դաշտերը ոռոգելու պատճառով Ախալքալաքում խմելու ջրի ճնշումն ընկնում է, արդյունքում քաղաքի որոշ թաղամասերի և բարձրահարկ շենքերի բնակիչներն այս շրջանում մնում են առանց ջրի: Այս խնդիրը երկար ժամանակ է, ինչ անհանգստացնում է բնակիչներին: Այս մասին jnews-ը մի անգամ չէ, որ գրել է:
«Այսպես է ամռան և ձմռան ամիսներին, իսկ մնացած ժամանակահատվածում գոնե ծորակից ջուր է հոսում», – ասում է բազմաբնակարան շենքի բնակիչներից մեկը:
Ախալքալաքի բարձրահարկ շենքերի որոշ բնակիչներ ջրամղիչ պոմպեր են տեղադրել, բայց սա ավելի է բարդացնում այն բնակիչների վիճակը, որոնք ջրամղիչ պոմպ չեն տեղադրել:
Վրաստանի Ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնի մենեջեր Արտակ Թառլամազյանն ասում է, որ տեղյակ է բարձրահարկ շենքերի խնդիրներին:
Նրա խոսքերով, վերջերս Սպասարկման կենտրոնը աշխատում էր այդ խնդրի լուծման ուղղությամբ, ուզում էին ստուգել կատարված աշխատանքների արդյունքները, սակայն շարքից դուրս է եկել նախկին ռազմաբազայի կենտրոնական ջրագիծը:
«Մենք ավելի քան 15 օր աշխատում էինք, որպեսզի ջրի ճնշումը բարձրանա, բայց այս պահին նախկին զինվորական ավանի կենտրոնական ջրագիծը փչացել է, հենց ջրագծի հետ խնդիրը լուծենք, հետո կտեսնենք մեր կողմից իրականացված աշխատանքներն արդյունք տվել է, թե՝ ոչ»,- ասում է Արտակ Թառլամազյանը:
Ոռոգման սեզոնն արդեն մոտ է, և կարևոր է, որ իրականացված աշխատանքներն արդյունք տան:
Բրատիսլավ Իգիթխանյան