Հաճախակի եղանակային փոփոխությունների հետ փոխվում է նաև մարդկանց տրամադրությունը, սակայն ոչ բոլորն են կարողանում պարզել, թե ինչ է կատարվում իրենց հետ։ Տրամադրության փոփոխությունը մեծ մասամբ կարող է կապված լինել սեզոնային դեպրեսիայի հետ, որի ախտանիշների, լուծման ուղիների մասին խոսել ենք հոգեբան-խորհրդատու Հասմիկ Քեյանի հետ։
Սեզոնային դեպրեսիան կամ սեզոնային աֆեկտիվ խանգարումը (SAD) կապված է սեզոնային փոփոխության հետ: Այն ավելի տարածված է այն բնակավայրերում, որտեղ ցերեկային ժամերն ավելի կարճ են ձմռանը:
Ընդհանրապես, դեպրեսիվ ախտանիշները սկսվում են ուշ աշնանը և ձմռան սկզբին, և անհետանում են գարնանն ու ամռանը: Ավելի քիչ հաճախ դեպրեսիայի դրվագները տեղի են ունենում գարնանը կամ ամռան սկզբին:
– Ինչի՞ց կարող է առաջանալ սեզոնային դեպրեսիա։
– Հարցը կայանում է նրանում, որ եղանակային դեպրեսիայի հիմնական պատճառն աշնանային և ձմեռային շրջանում արևային լույսի նվազումն է։ Ինչն էլ հանգեցնում է մեր օրգանիզմում սերատանինի նվազմանը, իսկ սերատանինիը դա մեր ուրախության հորմոնն է։ Այսինքն՝ մենք լույս չենք տեսնում և լույսի պակասը մեր վրա ազդում է։ Մեզ հիմնականում խորհուրդ են տալիս ձմռան ընթացքում մեր սենյակում նարինջ կամ մանդարին դնել, քանի որ այդ մրգերը դեղին գույն ունեն և նայելով դրանց մենք ուրախանում ենք, դա կատարվում է ինստինկտային, քանի որ այդ մրգերը ասոցացվում են արևի հետ։ Ինչպես նաև տեղի է ունենում մելատոնինի մակարդակի փոփոխություն, հիմնականում այս շրջանում շատանում է մելատոնինը և մենք ուզում ենք քնել։ Ամենակարևորն այն է, որ մենք քնենք բավականաչափ, ոչ թե շատ քնենք, կամ հակառակը։
– Ինչպե՞ս պայքարել սեզոնային դեպրեսիայի դեմ։
– Պետք է կազմել քնի գրաֆիկ, քնել ու արթնանալ մեր կողմից որոշված ժաներին, որպեսզի օրգանիզմը զգա, որ ինքը սթրեսի մեջ չէ։ Երբ մարդը սկսում է գրաֆիկից դուրս գալ, օրգանիզմը դա չի հասկանում, օրգանիզմին պետք է կոնկրետ ասել, որ քնում ենք այդ ժամին և արթնանում այս ժամին։ Պետք չէ նաև ժամադադարով քնել, այսինքն՝ քնել, արթնանալ, կրկին քնել։ Երկրորդը՝ հագնվել վառ գույնի շորեր, անկեղծորեն դա օգնում է։ Իրականում մենք սիրում ենք ձմռանը հագնվել մուգ գույնի շորեր, իսկ իրականում պետք է ընտրել վառ գույնի շորեր, ամենահեշտը դա վառ երանգներով գլխարկն է, որպեսզի մարդն ինքը տեսնի և իրեն լավ զգա, բայց եթե մենք չենք տեսնում մեր գլխարկը, ուրիշն է տեսնում, ապա դա օգնություն է նաև ուրիշին։ Ընդհանուր առմամբ կարող ենք կրել տարբեր վառ երագներ ունեցող հագուստ։
Ինչպես նաև մենք կարող ենք փոփոխություններ կատարել ինտերիերի հետ կապված։ Ինչու՞ ենք մենք տոնածառ դնում, որովհետև այն շատ պայծառ է, ունի վառ երանգներ։ Դեկտեմբերից մենք տեղադրում ենք տոնածառը, լույսեր ենք վառում, գույնզգույն խաղալիքներ կախում և մենք լավ ենք զգում մեզ, տան սիրունությունը մարդու վրա շատ է ազդում։ Մարդիկ կարող են տանը վառ գույներով իրեր դնել։ Տունը ավելի լուսավոր դարձնել։
Ինչպես նաև պետք է սպորտով զբաղվել։ Միգուցե ձմռանը մարդկանց դուր չգա ակտիվ սպորտով զբաղվել, այդ դեպքում կարող են զբաղվել լողով, կամ բաղնիք հաճախել։ Ինչպես նաև ամենակարևոր բանը, որը ես կարծում եմ, դա քայլելն է, մարդը պետք է շատ ժամանակ ծախսի զբոսանքի համար։
Դեպրեսիայի ժամանակ մարդիկ հիմնականում չեն ցանկանում շփվել իրենց շրջապատող մարդկանց հետ, թեկուզ այն մարդկանց, ովքեր միշտ կարողացել են օգնել և տրամադրություն բարձրացնել։ Այդ պատճառով պետք է քայլել և հանդիպել մեր ընկերների հետ։ Ինչպես նաև կարող են ֆիլմեր նայել, բայց ոչ թե տխուր, այլ կոմեդիա։ Պետք է նայել գունավոր ֆիլմեր, ինչպես նաև ամառային ֆիլմեր։
– Ի՞նչ կասեք սննդի մասին։
Այո, կարևոր է նաև ուտելիքը։ Պետք է ուտել այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են վիտամին D, օմեգա 3, ֆոլաթթու։ Օրինակ՝ հնդկահավ, կաթ, ձու, բանան, ունաբ (ֆինիկ), քունջութ և այլն։ Կարելի է նաև լույսաթերապիա, պետք է նվազագույնը 10 րոպե գտնվել արևի տակ, դրսում։ Շատ կարևոր է, որ մեր օրգանիզմը զգա, որ մենք դեռ արև ենք ստանում։ Տեսեք, եթե մենք մեր օրգանիզմը համեմատենք բույսերի հետ, օրինակ՝ ծաղիկները, որոնք մենք մշակում ենք տանը, սիրուն են, ծաղկում են ողջ գարանը և ամռանը, և հանկարծ աշնանից սկսում են չծաղկել, քանի որ նրանք արևի լույսը չեն ստանում, այնպես ինչպես գարնանը և ամռնաը, կրճատվում է նրանց արև ստանալու օրվա ժամերը։ Այդ պատճառով էլ նրանք տխրում են, նույն բանն էլ մարդու մոտ է։
– Ե՞րբ դիմել մասնագետի, ե՞րբ անհանգստանալ։
– Կան դեպքեր, երբ մարդիկ իրենք չեն ուզում գնալ հոգեբանի մոտ, սակայն, եթե սեզոնային դեպրեսիայի ախտանիշները մարդու մոտ տևում է երկու շաբաթից ավել, ապա արդեն պետք է դիմել մասնագետի օգնությանը։ Բայց քանի որ մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ նաև սարերն են խանգարում, որ արևը միշտ երևա, սեզոնային դեպերսիայի տևողությունը կարող է մի քիչ երկարել։ Երբեք չենք կարող ասել կոնկրետ տևողություն, քանի որ դա նաև անհատական է։ Կարելի է դիմել բժիշկ-հոգեբուժի, հոգեբանի, եթե ավելի թեթև ընթացք ունի, ապա կարելի է խոսել, կիսվել, ծնողերի, ընկերների հետ, կարևոր է, որ մարդն իրեն հարմարավետ զգա։ Ուզում եմ ասել, որ այն բուժվող է, ճիշտ է հիվանդություն է, բայց բուժվող է։ Հիմա մարդիկ ավելի զգայուն են դարձել, կորոնավարակից հետո, այդ ամենը նույնպես շատ է ազդում մարդկանց վրա։
Մասնագետն ընդգծում է, որ սեզոնային դեպրեսիայի դեպքերն ընդհանուր առմամբ շատացել են, ինչն էլ հետևանք է ճիշտ և սխալ տեղեկատվության տարածման։ Քանի որ, եթե մարդիկ ունեում են ինչ որ ախտանիշ, համացանցում կարդում են տարբեր տեղեկություններ և կարող են ենթադրել, որ ունեն տարբեր հիվանդություններ, որն էլ ազդում է մարդու վրա՝ ներշնչման հետևանքով։