Ախալքալաքի ֆերմերների համար 2021 թվականը համեմատաբար հաջող էր այն առումով, որ բերքը լավ էր, և իրացման հետ կապված խնդիրներ չկային։ Սակայն, արդյոք հաջորդ գյուղատնտեսական տարին այդքան հաջող կլինի, ֆերմերները կասկածում են, և ժամանակակից տեխնոլոգիաների անցումն անխուսափելի են համարում։
Ախալքալաքում արդեն մի քանի տարի է ֆերմերները փորձում են կարտոֆիլին այլընտրանք աճեցնել։ Այդ այլընտրանքային մշակաբույսերից մի քանիսը լավ բերք են տալիս, բայց Ախալքալաքում դեռևս կարտոֆիլը համարվում է հիմնական գյուղատնտեսական կուլտուրան:
Ախալքալաքի կարտոֆիլն այս տարի արտահանվել է Ռուսաստան, Ադրբեջան, Կենտրոնական Ասիայի երկրներ և Բելառուս։ Այս երկրներում կարտոֆիլի բերքատվությունը ցածր է եղել։
Գյուղատնտես, խոշոր ֆերմեր Եղիշ Աղաջանյանը գոհ է բերքատու տարուց: Նա կարտոֆիլ է աճեցնում, ցանում է հացահատկային մշակաբույսեր։ Նա միակն է Ջավախքում, ով լրջորեն սկսել է այլընտրանքային գյուղատնտեսական կուլտուրա ներդնել՝ կտավատ։
«Կարտոֆիլի բերքատվությունն էլ է լավը եղել, իրացման հետ էլ կապված ամեն ինչ կարգին է, պարզապես վերջում եղանակային պայմանները մի փոքր փչացրեցին: Մենք երբեք այսպիսի գին չենք ունեցել, ինչպես աշնանն էր: Ցրտահարությունը վերջում մի քիչ փչացրեց, բայց իմ կարտոֆիլը չցրտահարվեց, նոր ժամանակակից տրակտորներով եմ ցանել, նրանք ավելի խորն են ցանում, քան սովետական տրակտորները: Մեր մոտ շատերը սովետական տեխնիկայից են օգտվում»,- ասում է Եղիշ Աղաջանյանը։
Նրա խոսքով, գինն իջավ, երբ բոլորը միանգամից սկսեցին բերքահավաքը։ Կարտոֆիլի գինը սկզբում 1,20 լարի էր, հետո իջավ մինչեւ 70 թեթրի։ Բայց այս գինն էլ վատ չէ, իսկ գնորդները հերթ էին կանգնած կարտոֆիլի համար և գնում էին անմիջապես դաշտերից։
Կարտոֆիլի բերքատվությունն այս տարի, ֆերմերների հաշվարկներով, կազմում է 22-23 տ/հա։
Բայց միևնույն ժամանակ Եղիշ Աղաջանյանը նշում է, որ այս տարին ֆերմերների համար շահավետ էր, քանի որ նրանք պարարտանյութերը ու դեղամիջոցները գնել էին հին գներով։ Վաճառողները տեսնելով, որ կարտոֆիլը թանկացավ, անմիջապես թանկացրին պարարտանյութերն ու դեղերը։
«Անցյալ տարվա մեկ կիլոգրամի դիմաց 60 թեթրին ավելի շահավետ էր, քան այս տարվա 1 լարին։ Քանի որ այս տարի աշխատուժը թանկ էր, պարարտանյութերն ու դեղերը նույնպես թանկացել են։ 70 լարի արժողությամբ պարարտանյութերը դառել են 120 լարի, ազոտը 40 լարիից դարձել է 60 լարի, աշխատուժը 30 լարի էր, իսկ այս տարի դարձել է 70 լարի»,- ասում է Եղիշ Աղաջանյանը։
Ախալքալաքցի մեկ այլ խոշոր ֆերմեր կարծում է, որ այս տարի ֆերմերների համար պայմանները իդելական են եղել.
«Աշնանն իրացման հետ կապված խնդիրներ չեն եղել, կարտոֆիլը գնել են անմիջապես դաշտերից, ինչ կլինի գարնանը, ոչ ոք չի կարող կանխատեսել, մեր շրջանի պատմության մեջ նման տարի չի եղել, այսքան մեծ քանակությամբ կարտոֆիլ չի արտահանվել Ջավախքից»,- ասում է ֆերմերը։
Բայց դեղերի ու պարարտանյութերի թանկացումները մեծ ազդեցություն կունենան հաջորդ կարտոֆիլային տարվա վրա։
«Ես ամեն տարի, մինչև դեկտեմբեր, գնում եմ ինձ անհրաժեշտ դեղերը, այս տարի արդեն թանկացել են, 10 լարիանոց դեղը դարձել է 25 լարի»,- ասում է ֆերմերը։
Ախալքալաքի մունիցիպալիտետում ցրտահարությունից փչացել է կարտոֆիլի բերքի մոտ 30%-ը։
Եղիշ Աղաջանյանը կարծում է, որ Ախալքալաքի գյուղատնտեսությունում չկա ռազմավարություն, չկա կայացած համակարգ, գերիշխում է ինքնաբերականությունը:
«Բոլորը կարտոֆիլ են ցանում, աշնանը իրարից բանվորներ են փախցնում, աշխատուժը թանկանում է, կարտոֆիլն էժանանում, կարտոֆիլի ինքնարժեքը չեն հաշվում ու գին են ասում, միայն թե վաճառեն: Ով պատահի կարտոֆիլ է աճեցնում: ֆերմերները պետք է հաշվի առնի բոլոր հանգամանքները. Որքան ցանել, որպեսզի կարողանալ հավաքել, հասցնել հավաքել, հաշվի չեն առնում կհասցնեն հավաքել, թե ոչ, և ընդհանրապես, ես կարծում եմ, որ կարտոֆիլի աճեցման համար անհրաժեշտ է ներդնել արդեն ժամանակակից տեխնոլոգիաներ», – ասում է նա:
2021 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում ցանվել է 103 63 հա միամյա մշակաբույսեր, այդ թվում՝ կարտոֆիլ, 326 հա բազմամյա մշակաբույսեր, 7381 հա գարի և 853 հա գարնանացան ցորեն։