FTX կրիպտոարժութային բորսան կարող է ընդլայնել իր տարածաշրջանային գրասենյակը Վրաստանում։ Ընկերության գլխավոր տնօրեն Սեմ Բենքմեն-Ֆրիդն այս թեման քննարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ Մյունխենի անվտանգության 58-րդ համաժողովի շրջանակներում։
Վրաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են կրիպտոարժույթների բորսաների և ածանցյալ գործիքների գործունեության ընդլայնման աճող դինամիկան ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում։ ԸՆդգծվել է կայուն և բարենպաստ բիզնես միջավայրը, ինչպես նաև Վրաստանում ներդրողների համար գոյություն ունեցող հնարավորությունները։
Ղարիբաշվիլին FTX-ի հիմնադիրին առաջարկել է վերանայել Վրաստանում սեփական տարածաշրջանային գրասենյակի կամ հաճախորդների սպասարկման ընդհարձակման մասին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը ողջունում է ներդրողների հետաքրքրվածությունը և պատրաստ է խթանել օտարերկրյա ուղղակի ներդրումներին երկրում։
«Ինձ լավ հնարավորություն է ընձեռվել՝ FTX-ի հիմնադրի և գործադիր տնօրենի հետ խոսելու ապագա համագործակցության զարգացման մասին: Վրաստանի դիրքը, մեր երկրի կայուն և բարենպաստ բիզնես միջավայրը շատ լավ հարթակ են ստեղծում կրիպտոարժույթների բորսայի և ածանցյալ գործիքների գործունեության ընդլայնման համար մեր տարածաշրջանում և արտերկրում», – հանդիպումից հետո Twitter-ում գրառում է կատարել Ղարիբաշվիլին։
FTX-ը կրիպտոարժույթի կենտրոնացված բորսա է, որի կենտրոնակայանը գտնվում է Բահամյան կղզիներում: 2021 թվականի դրությամբ հարթակն ունի ավելի քան մեկ միլիոն գրանցված օգտատեր և միլիարդավոր դոլարների ամենօրյա առևտրի ծավալ:
Սեմ Բենքմեն-Ֆրիդին, ով հիմնադրել է FTX-ը, անվանում են «նոր Մարկ Ցուկերբերգ»: Անցյալ տարի 22,5 միլիարդ դոլար կարողությամբ նա դարձել է աշխարհի մինչև 30 տարեկան ամենահարուստ միլիարդատերը՝ ըստ Forbes-ի տվյալների: