Տեղական զարգացման խումբը (LAG), ԵՄ-ի «ENPARD2» ծրագրի շրջանակներում, Ախալքալաքի մունիցիպալիտետում ֆինանսավորեց 43 բիզնես-նախագիծ՝ ընդհանուրը 2 040 612 լարիի չափով: Jnews-ը փոքր հետաքննություն է սկսում նրանց գործունեության ուղղությամբ, ովքեր դրամական միջոցներ են ստացել իրենց բիզնեսը զարգացնելու համար, որպեսզի պարզի, թե որքանով արդյունավետ են այս նախագծերը վերոնշյալ մարդկանց համար, և, ընդհանուր առմամբ, մունիցիպալիտետի համար։ Առաջինն Արմեն Պողոսյանն է, ով 2019 թվականին Ախալքալաքում կառուցեց ծաղիկների ջերմոց։

Ձմռանը ջերմոցը չի գործում։ Երբ մենք այցելեցինք ջերմոց, նրա ծածկը բաց էր, ջերմոցը ծածկած էր ձյունով։ Չորս ամիս է ջերմոցը չի գործում, ծաղիկներ սկսում են տնկել մարտին, և միայն մայիս ամսին կարելի է դրանք հավաքել վաճառման նպատակով։

Արմեն Պողոսյանի խոսքով, ձմռանը ջերմոցը ջեռուցելը ձեռնտու չէ, նրա հաշվարկներով ծախսերը կարող են 2000 լարիով գերազանցել եկամուտը։

«Այստեղ գետինը սառն է, պետք է անընդհատ տաքացնել, որ ձմռանը ծաղիկները չցրտահարվեն, իսկ դա ձեռնտու չէ: Անհրաժեշտ է ջեռուցել 1000 դոլարի չափով, հետո պետք է վճարել աշխատողներին: Արդյունքում՝ 3 օրը մեկ անգամ 100 ծաղիկ քաղելը ձեռնտու չէ: Ծախսում ես 5000 լարի, ստանալով ընդամենը 3000 լարի»,- ասում է Արմեն Պողոսյանը։

Արմենն, ի սկզբանե, բիզնեսը պլանավորելիս, ջերմոցի ջեռուցում չէր նախատեսել։

«Ես նախագիծը գրել էի ձմռան շրջանում առանց ջեռուցման, քանի որ չգիտեի, ջեռուցման ինչ տեխնոլոգիա վերցնել, ածուխ, գազ, իսկ լույս այստեղ չկա: Վախենում էի, որ չեն ֆինանսավորի, քանի որ նրանք էկոլոգիապես մաքուր ծրագրերն են ֆինանսավորում»,- ասում է Արմենը։

Եթե մարտին 10 օր անընդմեջ եղանակը տաք լինի, Արմենը կսկսի ծաղիկները ցանել։ Նա դրա հույսն ունի, քանի որ Ախալքալաքում արդեն եղանակը տաքանում է, և, հնարավոր է, որ մարտի 1-ին կամ մարտի 8-ին սկսի ծաղիկները տնկել։

parnik 1

Ծաղիկների ջերմոցը 2020 թվականի ամռանը

Ախալքալաքում գործում է 5 ծաղկի խանութ, սակայն ջերմոցի առկայությունը չի ազդում ծաղիկների գնի վրա։ Արմենը նունյպես ունի սեփական ծաղկի խանութն, ինքն է աճեցնում ու ինքն էլ վաճառում ,նա շուրջօրյա ռեժիմով է վաճառում ծաղիկները։ Ձմռանը նա Թբիլիսիից է բերում ծաղիկները, իսկ ամռանը վաճառում է սեփական ծաղիկները և գոհ է, որ մաքսազերծման և տեղափոխման համար վճարելու հարկավորություն չկա։ Ծաղիկների գինը տարբեր է, կախված է ծաղկի ցողունի բարձրությունից։ Փոքրը՝ 12 հատը 5 լարի է, 3 հատը՝ 1 լարի, իսկ մեծերը՝ 5-ից 7 լարի։

Աճեցվող ծաղիկների մեծ մասը վաճառում է իր խանութում,իսկ երբ Ախալքալաքում ծաղկի վաճառքի սեզոնը չէ, ապա մի մասն ուղարկում է Նինոծմինդա, նաև տանում ու հանձնում է Թբիլիսիի խանութներին։

Ջերմոցը 2020 թվականի ամռանը

Չնայած այն հանգամանքին, որ ջերմոցն արդեն 4 ամիս է, ինչ անգործության է մատնված՝ Արմենը գոհ է: Նա կարծում է, որ Ախալքալաքում ցանկացած ջերմոց ձեռնտու է, անկախ նրանից, թե ինչ է աճեցվում նրանում։

«Ախալքալաքում ցանկացած ջերմոց տարեկան 10 000 դոլար եկամուտ է տալիս, իսկ եթե բերքը լավ է, ապա՝ 12 000 դոլար»,- ասում է Արմեն Պողոսյանը։

Արմենի խոսքով, այս ջերմոցն իրեն համար խթան հանդիսացավ, և հիմա նա կողքը ևս երկու ջերմոց է կառուցում։

Բացի ծաղիկներից, նա նաև ելակ է աճեցնում, բայց ելակի տարածքը ծաղիկների համեմատ փոքր է, սակայն ջերմոցների ընդլայնմամբ նա պատրաստվում է ավելացնել նաև ելակի ցանքատարածքը։

Անցյալ տարի, նա հունիսից մինչև սեպտեմբերի վերջ ելակ է վաճառել՝ 1 կգ-ը 10 լարիով, և, ստացել է 1000 դոլար եկամուտ։

parnik

Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 50 000 լարի, որից ծախսերի 35%-ը ներդրվել է ծրագրի հեղինակի կողմից, իսկ հիմնական մասը՝ 65%-ը՝ դրամաշնորհն է։ Ջերմոցը զբաղեցնում է 500 քառ/մ տարածք։

parnik Armen

Ջերմոցային բիզնեսի սեզոնային բնույթի պատճառով, գարնանային տոներին կանայք չեն ստանա տեղական, Ախալքալաքի ծաղիկներ, սակայն ծաղիկների պակաս չկա։ Ցանկացողները, իրենց սիրելի մարդկանց, կնվիրեն ներկրված ծաղիկներ, որոնցով խանութները պաշարվում են տոներին ընդառաջ։