Դեկտեմբերի 15-ին Ախալքալաքի տոնավաճառի վաճառականները համախմբված բողոքի ակցիա անցկացրին առաջիկա թանկացումերի դեմ: 30-ից ավելի առևտրականներ բոյկոտ էին հայտարարել և չէին աշխատում: Նրանք իրենց խնդիրները ներկայացրին Վարչությանը:
Բանն այն է, որ նոյեմբերի 15-ին հայտարարվել է աուկցիոն տոնավաճառը 2 տարով վաճառելու համար և դեկտեմբերի 1-ին կայացած աուկցիոնի ժամանակ 4 մասնակիցներից հաղթել է Ադամ Այվազյանը 51 000 լարիով: Նշենք, որ մինչ այս աուկցիոնը տոնավաճառն աշխատում էր 35 000 լարիով:
Տոնավաճառի վաճառականները աուկցիոնի ու առաջիկա թանկացման մասին տեղեկացել են հեռուստատեսությունից և որոշել են բողոքի ակցիա անել: Առևտրականների մի մասը մինչ այս պայմանագրով էր վճարում, իսկ մի մասն էլ առանց որևէ պայմանագրի: Ըստ առևտրակաների տոնավաճառի նախկին տնօրինողը սեփական հայեցողությամբ էր գումար վերցնում վաճառականներից, քանի որ ոչ բոլորի հետ ուներ պայմանագիր կնքած:
Առևտրականների խոսքեով իրենք մեկ քառակուսի մետրի դիմաց վճարում էին 15 լարի, նրանք համաձայն են նորից նույն գումարը մուծել, բայց ոչ մի կոպեկ ավել:
«Թանկություն չենք ուզե, մի տեղի համար մուծել եմ 10-15 լարի հիմի հանել են չգիտեմ ինչքան: Ոչ պայման կա, ոչ բան, ամեն քայլափոխի աղբ է, ոչինչ չեն անում միայն գումար են վերցնում»:
«4 շաբաթը մեկ ենք գնում ապրանքի, հազիվ ենք վաճառում, քիչ էինք վճարում հա՞, հիմի նորից թանկացնում են, մենակ հացի փող ենք վաստակում, դա էլ կտրեն աշենք ինչի տի հասնին»:
«Ոչ ոք օրենք չի ընդունում փողոցներում առևտուր անողների վերաբերյալ, ովքեր նույնիսկ մի 1 թեթրի չի տա, իսկ մեր գլխին լոտո են խաղում»:
«Կարող են թող փողոցային առևտուրը վերացնեն, թե չէ տոնավաճառ մարդ չի գալիս: Ինչքան օրենք կա մեր վրա են կիրառում: Առևտրականներիս 90 տոկոսը բանկերն ենք ընկել: Ամեն կողմից խեղդում են»:
«Հարմարություն չկա, ամեն տեղեն ջուրը կաթեկը, զիբիլին մեջ խեղդանք, չեն հավաքում, հասարակ մի հատ զուգարան չկա, շոգին, ցրտին, անձևին կանգնում ենք: Գումար ենք մուծում, բայց ոչինչ չի արվում, մեր հաշվին երկու հոգի են հարստանում»:
Վահան Բաթոյանը պատասխանելով բողոքողների հարցերին ասաց. «Եթե հաղթողը չկարողացավ փող հավաքել ստիպված պետք է հրաժարվի: Այդ դեպքում նոր աուկցիոն կանցկացվի, այդ ժամանկ պետք է ուրիշ մեթոդ մտածել, որ աուկցիոնի ժամանակ գները չթանկանա: Փակ աուկցիոն է, ոչինչ չի երևա մի քանի հոգի մտնում են և խաղում»:
Ավելացնենք, որ կայացած աուկցիոնը կարող է համարվել անվավեր միայն այն դեպքում, եթե հաղթող կողմն ինքնակամ հրաժարվի: Ըստ նախնական տեղեկությունների 10 տոկոս թանկացում է սպասվում:
Բողոքող վաճառականները վերջում դիմում գրեցին Ախալքալաքի Վարչության նախագահի անունով:
Աղունիկ Այվազյան