Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն վերջին օրերս սկսել է քննարկել քաղաքապետարանին առընթեր ոչ կոմերցիոն կազմակերպությունների աշխատանքը: Դիտարկվում է կազմակերպությունների կրճատման կամ միավորման անհրաժեշտության հարցը։ Jnews-ը որոշեց պարզել, թե ինչ խախտումներ են հայտնաբերվել Ախալքալաքի կազմակերպությունների աշխատանքում և ինչ կոնկրետ հանձնարարականներ է տվել Պետական աուդիտի ծառայությունը:

2021 թվականի դեկտեմբերի 31-ին, Պետական աուդիտի ծառայությունը հրապարակել էր հաշվետվություն և առաջարկություններ՝ «Մունիցիպալիտետներում հիմնված ոչ ձեռնարկատիրական (ոչ կոմերցիոն) իրավաբանական անձանց կառավարման արդյունավետության» առումով։ Աուդիտի նպատակն է, ինչպես նշված է հաշվետվության մեջ, գնահատել, թե արդյո՞ք մունիցիպալիտետներում իրավաբանական անձանց կառավարման քաղաքականությունը համահունչ է և արդյո՞ք այն ապահովում է առկա ֆինանսական և նյութական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: Աուդիտը ընդգրկել է 2014-2019 թվականները:

Հաշվետվությունում նշվում է, որ բոլոր մունիցիպալիտետների գործառույթները նման են, հետևաբար ստեղծված կազմակերպությունները նույնպես պետք է նման լինեն, բայց տարբեր մունիցիպալիտետներ տարբեր լուծումներ են գտել։ Նշվում է, որ կան մունիցիպալիտետներ, որտեղ ստեղծվում են առանձին կազմակերպություններ՝ սպասարկելու փողոցների լուսավորությունը, կամ զբոսայգիներն ու կանաչապատ տարածքները, այն դեպքում, երբ մյուս մունիցիպալիտետներում այդ ծառայությունները կազմակերպությունների կողմից մատուցվում են այլ ծառայությունների հետ միասին։ Հարկ է նշել, որ Ախալքալաքը պատկանում է վերջինիս, այստեղ Սպասարկման կենտրոնը միանգամից մի քանի ծառայություններ է մատուցում։

Հաշվետվությունում նշվում է նաև, որ 21 մունիցիպալիտետներում ստեղծվել են մասնահատուկ գործառույթներ ունեցող կազմակերպություններ, որոնց գործողության շրջանակը տարածվում է միայն տվյալ մունիցիպալիտետներում, իսկ այլուր նմանատիպ գործառույթներ ունեցող կազմակերպություններ չկան։ Նման կազմակերպությունների վրա ծախսվել է 28 287,3 հազար լարի։ Պետք է նշել, որ բուն հաշվետվությունում կոնկրետ Ախալքալաքի մունիցիպալիտետը նշված է այս կետում, սակայն չի նշվում, թե կոնկրետ որ կազմակերպությունների մասին է խոսքը։ Մյուս կետերում Ախալքալաքի մունիցիպալիտետը կոնկրետ չի հիշատակվում։ Թեև հայտնաբերված խնդիրների բնույթն ընդհանրական է և տարածվում է անխտիր բոլոր մունիցիպալիտետների վրա։

«Մունիցիպալիտետները կոնկրետ ոլորտում սահմանված նպատակին հասնելու գործողությունների հստակ ծրագիր չեն մշակել: Այսպիսով, կազմակերպությունների ստեղծումն ու ֆինանսավորումը հաճախ բավականաչափ վերլուծված չէ: Պատշաճ ձևով պլանավորված չէ, թե որ միջոցառումները և ինչ հաջորդականությամբ պետք է ձեռնարկվեն, ինչպիսին պետք է լինեն իր առջև դրված ընթացիկ խնդիրները՝ այս կամ այն ոլորտում վերջնական նպատակներին հասնելու համար», – ասվում է աուդիտի հրապարակման մեջ:

Արդյունքում, 2014-2019 թվականներին, անարդյունավետության պատճառով լուծարվել է 169 կազմակերպություն, որոնց վրա ծախսվել է 61 592.8 հազ.: Սակայն, չնայած դրան, մինչև 2019 թվականը մունիցիպալ կազմակերպություններում աշխատանքի տեղավորվածների ընդհանուր թիվն ավելացել է 17932 աշխատակիցով՝ կազմելով 58006 մարդ։ Հաշվետվությունում ասվում է, որ կազմակերպություններում մարդկային ռեսուրսների կառավարումը հիմնված չէ պատշաճ հաշվարկների վրա, վարչական աշխատակիցների թիվը անընդհատ ավելանում է։ 2014-2019 թվականներին վարչական անձնակազմի թիվն աճել է 25%-ով, իսկ վարչական աշխատավարձերը՝ 71%-ով։

Հաշվետվությունում խոսվում է նման կազմակերպությունների կառավարման անարդյունավետության տարբեր ցուցանիշների մասին։ Պետական աուդիտի ծառայությունը մի քանի առաջարկություններ է տվել մունիցիպալիտետների օրենսդիր և գործադիր մարմիններին, այն է՝ քաղաքապետարաններին և սակրեբուլոններին.

Ուսումնասիրել, թե արդյո՞ք նման կազմակերպությունների ստեղծումը հիմնված է իրական կարիքների վրա, և արդյո՞ք առանձին իրավաբանական անձի ստեղծումն ու գործունեությունը լավագույն այլընտրանքն է բնակչությանը կոնկրետ ծառայություններ մատուցելու համար,ինչպես նաև դիտարկել միանման գործառույթներ և նպատակներ ունեցող իրավաբանական անձանց միավորումը:

Կազմակերպությունների գործունեության պլանավորման և կառավարման գործընթացում առաջնորդվել շահութաբերության սկզբունքի վրա հիմնվելով:

Ուսումնասիրել իրենց կողմից ստեղծած իրավաբանական անձանց կադրային քաղաքականությունը, վերլուծել աշխատակիցների իրավունքներն ու պարտականությունները՝ նրանց վրա ծախսվող միջոցներով հանդերձ, գնահատել նույնական գործառույթներով հաստիքային միավորների գոյության նպատակահարմարությունը և, անհրաժեշտության դեպքում, օպտիմալացնել առկա հաստիքը:

Նշենք, որ Ախալքալաքի Սակրեբուլոյում քննարկում է տեղի ունեցել ոչ ձեռնարկատիրական (ոչ կոմերցիոն) իրավաբանական անձ (վրաց.՝ ა(ა)იპ) հանդիսացող Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի աշխատանքի վերաբերյալ։ Մշակվել են առաջարկություններ և ուղարկվել քաղաքապետարան՝ հետագա քննարկման և որոշումների կայացման համար: Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը, սակայն, չի պատրաստվում ո՛չ հաստիքացուցակում, ո՛չ էլ աշխատանքում որեւէ բան փոխել։ Կենտրոնը մտադիր է սոցիալական ցանցերում էջ բացել՝ մշտապես ցուցադրելու իրենց աշխատանքը։

Հարկ է նշել նաև, որ Սպասարկման կենտրոնի աշխատանքների շուրջ քնարկումից հետո այլ կազմակերպություններ դեռ չեն հրավիրվել Սակրեբուլո՝ քննարկման համար։