Այսօր` սեպտեմբերի 21-ին, Ախալքալաքում նշվեց Եվրոպայի օրը: Քաղաքի կենտրոնում՝ Ազատության հրապարակում կազմակերպվել էր տարբեր միջոցառումներ:
Եվրոպայի օրը սկսվեց Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հարցելի ժամանումով և ելույթով:
«Եվրամիության և Վրաստանի միջև մեր հարաբերությունները երբեք այսքան մտերմիկ չեն եղել, որքան հիմա է: Եվ իմ խնդիրներից մեկը, որպես Եվրամիության դեսպան, այն է, որպեսզի ավելի շատ Եվրամիության բերենք Վրաստան, իսկ ավելի շատ Վրաստան՝ Եվրամիությունում: Այն, որ մենք այսօր նշում ենք այստեղ Եվրոպայի օրը՝ Ախալքալաք փոքր-ինչ Եվրամիություն բերելու մեր փորձն է», – մեկնաբանեց դիվանագետը:
Նա նշեց, որ վերջին տարիներին իրականացվել են բազմաթիվ համատեղ աշխատանքներ, ներառյալ՝ առանց մուտքի արտոնագրի ռեժիմը, որը Վրաստանի համար վավեր է դեպի ԵՄ, ազատ առևտրի մասին համաձայնագիրը և փոխանակման տարբեր ծրագրերի միջոցով Եվրոպայում վրաց ուսանողների ուսումնառությունը:
Հրապարակում դրված էին ցուցադրական տաղավարներ տեղական արտադրության արտադրանքներով (պանրի տեսականի, ախալքալաքյան ավանդական քաղցրավենիք), որոնք համտեսեց նաև դեսպանը:
Հրապարակում կազմակերպվել էր հյուրասիրություն երեխաների համար, նախատեսված էր սպորտային և ժամանցային խաղեր:
Քաղաքապետարանի դիմաց շարված տաղավարներում ցուցադրված էին տեղի վարպետների աշխատանքները:
Ամալյա Բաբայան