Ապրիլի 16-ին Ջավախքի Խորենիա և Փոքր Արագյալ գյուղերում մարդիկ իրենց խոնարհում էին բերում թուրք-ջարդարարների կողմից գազանաբար սպանված հազարավոր ջավախքցիների հիշատակին:

1918 թվականին Ջավախքի հայությունը ևս զոհ է դառնում թուրքերի վայրագություններին: 1915 թ.-ից մազապուրծ հայությունը երեք տարի անց կրկին հայտնվում է եղեռնի ճիրաններում:

Խորենիա գյուղի բնակիչ Անիչկա Սարգսյանի հիշողությունները թարմ են: Նա լավ է հիշում իր մանկության դառը օրերը: Մեծերից լսած պատմությունները նույնությամբ պատմում է թոռներին, որպեսզի նոր սերունդն իրազեկ լինի իր նախնյաց պատմությանը:

Xorenia2

«Հերս պատերազմին է մասնակցել, դրա համար էլ կենդանի է մնացել: Մի տարեց կին, որ այդ օրերին հրաշքով կենդանի էր մնացել մեզ պատմում էր. կանայք երեխաներին գրկած ջուրն էին նետվում, որ թուրքին փայ չդառնային: Իմ ջուխտ հորքուրիս էլ փաշեքը զավթել են, հանել պար են խաղցուցե ու ջոկել են, հղի կնիկմարդկանց սրի են քաշե տեսնելու, աղջիկ է ունենալու թե մանչ, շատ դաժան են վարվել: 7 ազգություն մեր գյուղից ընդհանրապես ջնջվեցին, ոչ հետնորդ ունեն ոչ բան: Ես ոչ պապ եմ տեսե ոչ մամ»,- պատմեց Անիչկա Սարգսյանը:

Xorenia3

Խորենեցիները՝ երիտասարդ թե տարեց, կին թե տղամարդ, բոլորը հավաքվել էին թնդանոթների զարկերի տակ մնացած, գոմերում այրված հայ նահատակների հոգիների հանգստության համար աղոթելու, իրենց գոյությամբ հերոսացնելու նահատակներին, իրենց ապրելով ապացուցելու, որ հայն անկոտրում է: 1918թ մայիսի սկզբներին գոմերի գերանների տակ հազարավոր մարդիկ «գտան» իրենց գերեզմանը:

«Մենք բոլորս այն հազարից ավելի հայորդիների ոսկորների վրա ենք կանգնած, որտեղ բերին լցրին ոչ միայն Խորենիայի 600-ից ավելի բնակիչներին, այլ նաև Աբուլի շրջակայքի, հիմնականում Թախչա գյուղի համայնքի 200-ից ավելի մարդկանց: Թնդանոթների կրակների տակ մնացած մարդիկ մինչև օրս էլ հառաչանքի մեջ են: Նրանք մեր եղեռնի զոհ 3 միլիոն հայերի մի մասն են՝ առանց որոնց հիշատակը խնկարկելու նոր սերունդը իրավունք չունի ապրելու»,- իր խոսքում նշեց գրականագետ Ժորա Սնխչյանը:

Xorenia1

1918 թվականին Արագյալի փայտաշեն կամրջով է անցնում Ջավախքի հայությունը, փախնելով թրքի սրից: Մարդիկ փոխնում էին դեպի Ծալկայի խորքերը, սակայն այդ անցումը ճակատագրական է դառնում: Գաղթական հայության կեսը կործանվեց:

Aragyal

«Մեր շրջանից 40000 մարդ զոհվեց: Մարդիկ ստիպված զոհերին կամրջի վրայից ջուրն էին նետում, որպեսզի կենդանի մարդիկ անցնեին, լինում է մի պահ, որ կամրջի կողքերին շարված դիակները ավելի բարձր է քան կամուրջը, որով անցնում էին մարդիկ, այս կամրջի վրա զոհվել է շուրջ 4000 հայ: Եթե մենք այսօր վերածնված հայրենիք ունենք, Հայաստան անունով հանրապետություն, դրոշ, գերբ ու հիմն, այս այրան հիմքի վրա է, որովհետև այդ արշավանքը թուրքերին տարավ Բաշ-Ապարան սատկելու, իսկ հայոց մայրաքաղաքը մնաց անառիկ: Հայաստանն ունեցավ իր անկախությունը»,- ահա այս խոսքերով դիմեց արագյալցիներին Ռաֆայել-Ջավախք կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը:

Արագյալցիները պատմում են.

«Երբ մեր Ջավախքի բնակչությունը տուն տեղ թողած փախչում էր Ծալկայի կողմերը, կամուրջի մոտ մի սայլ շարքից դուրս է գալիս, պատմում էին որ գալողը դեմ էր առնում այդ սայլին, կամուրջը այդ ժամանակ շատ նեղ էր, թուրքական կանոնավոր բանակը, որ հետևում էր հայերին ժայռերից, սկսում է հարձակվել, ըստ իմ տեղեկություների Արագյալի գերեզմանատան մոտ գտնվող գոմերի մեջ են լցրել մարդկանց ու խեղդամահ անելով վառել են»,- պատմեց մի տարեց գյուղացի:

Ապրիլի 16-ին և Խորենիայում, և Փոքր Արագյալում Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ՝ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը հոգևոր դասի հետ միասին կատարեց հոգեհանգստյան կարգ:

Xorenia

Աղունիկ Այվազյան
Բորիս Ղարսլյան