Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը, Սակրեբուլոյում, իր ծառայությունները միավորելու հնարավոր քննարկումից հետո, որոշեց է իր աշխատանքը դարձնել ավելի թափանցիկ։ Աշխատաոճում փոփոխություններ կամ կրճատումներ չեն ծրագրվում։
Սակրեբուլոն քննարկում է մունիցիպալ ծառայությունների աշխատանքի նպատակահարմարությունը
Փետրվարի 1-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում, պատգամավորները քննարկեցին Սպասարկման կենտրոնի 4 ծառայությունների պահպանման նպատակահարմարությունը՝ ծախսերի օպտիմալացման տեսանկյունից։ Քննարկումները տեղի էին ունեցել այն բանից հետո, երբ Ախալքալաքի մունիցիպալիտետը Պետական աուդիտի ծառայությունից առաջարկություն էր ստացել քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծված ոչ առևտրային կազմակերպությունների թիվը կրճատելու վերաբերյալ։ Քննարկումից կատարված եզրակացությունները պատգամավորներն ուղարկեցին քաղաքապետարան, իսկ Սպասարկման կենտրոնին առաջարկեցին քննարկել ծառայությունների միավորման հարցը։
Ախալքալաքի Սպասարկման կենտրոնն ունի չորս ծառայություն՝ սանմաքրում, ջրամատակարարում, կանաչապատում և լուսավորություն: Քննարկման ընթացքում խոսվեց կանաչապատման և ջրամատակարարման սպասարկման կրճատման մասին։ Քննարկվեց նաև, որ այս և որոշ այլ ծառայությունների աշխատանքներ կարող են իրականացվել մրցույթի կարգով։
Սպասարկման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Մխիթար Ռստակյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրենք մտադիր չեն կրճատել ծառայությունները, քանի որ նրանցից յուրաքանչյուրը շատ աշխատանք ունի։
«Մենք 28 գյուղ ունենք, նրանք ասում են աշխատել են 500 լարիով: Պարզապես մեր աշխատանքը չի երեւում, նրանք սխալվում են: Գարնանը սկսվում են աշխատանքները, ուղղակի մենք քիչ ենք ծախսում, խնայում ենք: Գործերն աշխատողներն իրենք են կատարում։ Նույնը վերաբերում է կանաչապատման ծառայությանը, քաղաքապետարանը պահանջել է մեր մեկ տարվա աշխատանքների նախագիծը, մենք կգրենք ու կուղարկենք: Երեւի այս ծառայությունները չեն կրճատվի, քաղաքապետարանից ասել են, որ դրանք իրենց պետք են»,- ասաց Մխիթար Ռստակյանը։
Ծառայությունների պահպանման նպատակահարմարության վերաբերյալ հարցերից խուսափելու համար, Սպասարկման կենտրոնը, որոշել է ավելի թափանցիկ դարձնել իր աշխատանքը։ Ռստակյանի խոսքով, իրենք պատրաստվում են սոցիալական ցանցերում էջ ստեղծել, որտեղ կտեղադրեն իրենց կատարած ողջ աշխատանքը։
Նշենք, որ կրճատումների մասին խոսելուց հետո քաղաքում հաճախ են սկսել երևալ քաղաքի կենտրոնը մաքրող Սպասարկման կենտրոնի տեխնիկական աշխատողները։ Մինչ այդ՝ ձմռանը, նրանց աշխատանքը նկատելի չէր։